չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Մարդու իրավունքների պաշտպանությունը պահանջում է ամենօրյա աշխատանք․ ՄԻՊ ուղերձը

Մարդու իրավունքների պաշտպանությունը պահանջում է ամենօրյա աշխատանք․ ՄԻՊ ուղերձը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ուղերձ է հղել Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հարգելի՛ գործընկերներ,

Շնորհավորում եմ Մարդու իրավունքների օրվա կապակցությամբ։

Ամեն տարի դեկտեմբերի 10-ին միջազգային ողջ հանրությունը նշում է Մարդու իրավունքների օրը. 75 տարի առաջ հենց այս օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը:

Մարդու իրավունքների միջազգային օրը ևս մեկ առիթ է հատուկ ընդգծելու, որ մարդը բարձրագույն արժեք է, իսկ նրա անօտարելի արժանապատվությունը՝ իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքը:

Մարդու իրավունքների նկատմամբ հարգանքն է այն շարժիչ ուժը, որը միավորում է բոլորիս ու նպաստում հանրային համերաշխությանը։

Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը իր գործունեությամբ մշտապես ձգտում է հաստատել հարգանքի այդ մշակույթը՝ առաջնորդվելով մարդու իրավունքների խթանման և պաշտպանության բարձր առաքելությամբ։

Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ իրավունքների պաշտպանության առջև կանգնած խոչընդոտները հաղթահարելու համար անհրաժեշտ են բոլորիս համատեղ ջանքերը:

Այս համատեքստում չափազանց մեծ է պետության դերը, որի պարտականությունն է ինչպես ստեղծել մարդու իրավունքների պաշտպանությունը երաշխավորող մեխանիզմներ, այնպես էլ մշտապես կատարելագործել դրանք՝ իրավունքի գերակայության և իրավունքահեն արժեքների ապահովմամբ:

Դեկտեմբերի 10-ը՝ որպես Մարդու իրավունքների միջազգային օր, նաև հիշեցում է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը պահանջում է ամենօրյա աշխատանք, ինչի արդյունքում միայն հնարավոր կլինի ձևավորել համերաշխ և հանդուրժող հասարակություն։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ այս խորհրդանշական օրվա կապակցությամբ»,- ասել է Պաշտպանը։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: