երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Լուսանկարն ակնհայտորեն ապացուցում է մեր ասածները․ Սամվել Վարդանյանի փաստաբան

Լուսանկարն ակնհայտորեն ապացուցում է մեր ասածները․ Սամվել Վարդանյանի փաստաբան

Դատարանը երկու ժամից կհրապարակի ՔՊ-ական պատգամավորին դիրքորոշում հայտնելու համար խոշտանգված Սամվել Վարդանյանի խափանման միտջոցի վերաբերյալ որոշումը, դատական նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Դատական նիստին  մեր բոլոր փաստարկները նեկայացրինք, այդ թվում՝ խոշտանգման փաստով սպառնացող վտանգից ելնելով՝ անձին ազատ արձակելու պահանջ ներկայացրինք։ Դա առանձին դրույթ է մեր Քրեական դատավարության օրենսգրքում, որը հաճախ չի օգտագործվում»,- ասաց Մելիքյանը։

Փաստաբանները հրապարակեցին նաև Սամվել Վարդանյանի լուսանկարը, որը չէին հրապարակել մինչ այժմ, որովհետև պետք է դատարանին ներկայացնեին։

«Տարբեր մարդիկ կասկածի տակ են դնում, այս լուսանկարն  ակնհայտորեն ապացուցում է մեր ասածները»,- հայտարարեց Ռուբեն Մելիքյանը։

Նշենք, որ լուսանկարում Սամվել Վարդանյանի տաբատին` ծնկների հատվածում,  կանաչ խոտի հետքերն են, որոնք մինչև ձերբակալվածների պահման վայր տանելը  չեն եղել: Հետքերը խոշտանգման ժամանակ Սամվելին ծնկի բերելու արդյունքում են առաջացել: Լուսանկարը ներկայացվել է նաև դատարանին:

Հիշեցնենք՝ երեկ փաստաբանները մանրամասներ հայտնեցին, թե ինչպես են իրավապահների թողտվության, միտումնավոր բացակայության արդյունքում դիմակավորված անձինք խոշտանգման ենթարկել ՀՀ քաղաքացի Սամվել Վարդանյանին․ նրան ծնկի են բերել, գլուխը հարվածել են գետնին, հարվածներ տեղացել, հայհոյել, թքել, արժանապատվությունը նվստացնող գործողությունների դիմել։ Տեղի ունեցածը փաստաբանները որակում են քաղաքական իշխանությունների ուղիղ հրահանգով արված բռնարարք։

  • Կիսվել: