կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Լրագրողների դեմ ամենատգեղ ատելության խոսքը գեներացրել է Նիկոլ Փաշինյանը. Թագուհի Թովմասյան

Լրագրողների դեմ ամենատգեղ ատելության խոսքը գեներացրել է Նիկոլ Փաշինյանը. Թագուհի Թովմասյան

Նիկոլ Փաշինյանի նպատակն է լրատվամիջոցների նկատմամբ վերաբերմունքը իջեցնել, հասցնել ամենացածր մակարդակի, որովհետև նա շատ լավ գիտի լրատվամիջոցների ուժը, հետևաբար, փորձում է լրագրողների դերակատարումը նսեմացնել Հայաստանում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Նրա խոսքով՝ լրագրողների դեմ ամենատգեղ ատելության խոսքը գեներացրել է Նիկոլ Փաշինյանը։

«Բնականաբար, արդեն շղթայական ռեակցիայով այդ վերաբերմունքն իջնում է ներքև ու արդեն պատգամավորներն են հանդգնում ԱԺ ամբիոնից վիրավորել լրագրողներին», - նշեց նա:

Թագուհի Թովմասյանն ասաց, թե առաջիկա շաբաթվա ընթացքում «Պատիվ ունեմ» խմբակցությունը Էթիկայի հանձնաժողով ձևավորելու մասին նախագիծ է դնելու շրջանառության մեջ, սակայն հարց է` իշխանությունը կգնա՞ այդ քայլին, թե՞ չի գնա:

«Որովհետև հասկանում են, որ իրենց գործունեությունը դառնալու է Էթիկայի հանձնաժողովի քննության առարկա, դրա համար դժվարանում եմ ասել՝ ինչ արդյունքի կհասնենք, բայց քայլ չանել չենք կարող», - նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը:

  • Կիսվել: