ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Լարված իրավիճակ՝ Մասիսի քաղաքապետարանում. տղամարդը նռնակով մտել և սպառնում է պայթեցնել

Լարված իրավիճակ՝ Մասիսի քաղաքապետարանում. տղամարդը նռնակով մտել և սպառնում է պայթեցնել

Արդեն մեկ ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում: Մի տղամարդ՝ զինված պայթուցիկով մտել է Մասիսի քաղաքապետարան և սպառնում է այն պայթեցնել:  

Ինչպես տեղից  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին քաղաքապետարանի  ներսում այդ քաղաքացու հետ բանակցություններ  են վարում ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն ու  ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ  Վարդան Վարդանյանը: Մասիսի քաղաքապետարանի գլխավոր ճանապարհի  երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ճանապարհային ոստիկանության 2-րդ  սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները:

Տեղում է նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահագն Գրիգորյանի գլխավորությամբ: Թե ինչն է եղել տղամարդու կողմից նման քայլի դիմելու պատճառը,  պարզվում է: Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Մինչ էսքան միլիցեքի գալը, էդ տղամարդու հետ մտավ բանակցություններ վարի Արարատի մարզային ոստիկանության ինչ-որ պաշտոնյա, հետո իմացանք, որ կրակոցներ է արձակել տղամադը ու նռնակ ա գցել, բայց լավ է, էդ ոստիկանության աշխատողը չի տուժել»:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ խոսքը ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հրաչ Միրոյանի մասին է, ով այս պահին էլ շենքի մի հատվածում իր ծառայակից ընկերների հետ շարունակում է ծառայությունը ու երջանիկ պատահականություն է, որ այդ տղամարդու արձակած կրակոցների և նռնակի պայթելու հետևանքով  Հ. Միրոյանը չի տուժել: Տեղում ծառայություն է կատարում նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

  • Կիսվել: