երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը

Հայաստանի պետական գերատեսչությունների մասնագետներն ապրիլի 26-ին ուղևորվել էին Կիրանց գյուղ, տվյալ բնակավայրում և հարակից տարածքներում բնակիչների խնդիրներն ուսումնասիրելու և գույքագրելու նպատակով։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե մասնագետների հետ մեքենայում եղել է նաև Մհեր Գրիգորյանը, իրականությանը չի համապատասխանում։

Այսօր ավելի վաղ Կիրանցի բնակիչերն արգելափակել էին այստեղ ժամանած առանց պետհամարանիշի մեքենան, որում, ըստ տեղացիների կասկածների, քարտեզագիրներ են։

Բնակիչներն ի սկզբանե կասկածում էին, որ մեքենայում կարող են ադրբեջանցիներ լինել, սակայն նրանցից մեկին թույլատրվեց մոտենալ մեքենային, ինչից հետո նա հայտարարեց, որ այնտեղ քարտեզագիրներ են, սակայն երևալ չեն ցանկանում։

Հավաքվածները, սակայն, պնդում էին, որ պետք է տեսնեն՝ ովքեր են մեքենայի մեջ։ Տեղացիներից ոմանք պատմեցին, որ մինչ այստեղ բախումներ էին քաղաքացիների ու ոստիկանների միջև, մեքենայից ոմանք հեռացան։

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ևս ասաց, որ մարդիկ այլևս այդ մեքենայի մեջ չեն։

Սրբազանը հորդորեց ճանապարհը բացել դատարկ մեքենաների համար: Ավելի վաղ նա արձանագրել էր, որ մեքենայի միջի մարդը կամ մարդիկ հեռացել են։

  • Կիսվել: