Կռիվն այն է, թե ով պետք է տիրանա գողոնին. Հիմա արդեն վարորդները փող չեն վերցնում. ո՞ւր է փողը. Մեսրոպ Մանուկյան
Իրենք ասում են, որ հունվարի 1-7-ը ուղեւորներից հավաքագրել են 90 մլն դրամ. եթե դա բաժանում ենք 100 դրամի, ստացվում է 140 հազար ուղեւոր, սա աբսուրդ է, քանի որ իրենք ամեն տեղ ասում են, որ «Թելսելի» հետ պայմանագիրը կապել են 630 հազար ուղեւորի հետ կապված: Այս մասին, այսօր Երեւանի քաղաքապետարանում, լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։
«Իրականում պետք է լիներ 630 հազար ուղեւորահոսք: Բազմապատկելով 100 դրամով, իրենք պետք է օրական 63 մլն դրամ փող հավաքագրեին: Սա այն դեպքում, որ երեւանում ուղեւորահոսքն ամեն օր շատանում է: Հիմա իրենց մոտ 63 մլն-ի փոխարեն 14 մլն է հավաքագրվում:
Կռիվն այն է, թե ով պետք է տիրանա գողոնին, թալանի տերն ով է դառնալու: Այն ժամանակ իրենք մեղադրում էին, ասում էին, որ դա «Երեւան ավտոբուս»-ն ու վարորդներն են, հիմա վարորդները մի կոպեկ չեն վերցնում, էդ փողը եռյակի մեջ կորում է: Այ պանիկովկիներ, ո՞ւր է էդ փողը, բերեք, հետ տվեք ու մի թանկացրեք տրանսպորտը»,-ասաց Մանուկյանը:
Նա նշեց, որ այստեղ ազգային անվտանգության խնդիր կա։ «Օրենքով սահմանված է՝ զինծառայողի ընտանիքները պետք է անվճար օգտվեն։ Հիմա հարց եմ տալիս՝ եթե մեր ՊՆ աշխատակիցները, ԱԱԾ շարքային աշխատակիցները պետք է տան անձնական տվյալները տան «Թել-Սել»-ին, որն օֆշորում է գրանցված, իմանա ԱԱԾ աշխատողն ով է, կինը, երեխան ով են։ Ազգային անվտանգության խնդիր տեսնո՞ւմ եք, թե՞ չեք տեսնում»,- ընդգծեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամը: