Երկու ամսով կասեցվում է ՀՀ մուտքի արտոնագրի պահանջի վերացումը ՉԺՀ սովորական անձնագրեր կրողների համար
Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ 2020թ. փետրվարի 1֊ից մինչ մարտի 31֊ը ժամանակավորապես կասեցվում է «ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձության սկզբունքով վերացման մասին» համաձայնագրով սահմանված՝ ՀՀ մուտքի արտոնագրի պահանջի վերացումը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության սովորական անձնագրեր կրող անձանց համար։ Տեղեկացնում ենք, որ տվյալ միջոցառումը կրում է կանխարգելիչ առողջապահական բնույթ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
ԱԳՆ հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մեծապես գնահատում է ՉԺՀ կառավարության ջանքերը նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի դեմ տարվող պայքարում, ինչպես նաև ՉԺՀ տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին Չինաստանի իշխանությունների կողմից ցուցաբերվող շարունակ աջակցությունը:
Հայկական կողմը վստահ է, որ Չինաստանին կհաջողվի նոր տիպի կորոնովիրուսի տարածման դեմ պայքարում վճռական հաղթանակ տանել և իր աջակցությունն է հայտնում չինական կողմին։