երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Խոյ միավորված համայնքում սուբվենցիոն ծրագրերով շինարարական աշխատանքներ են ընթանում

Խոյ միավորված համայնքում սուբվենցիոն ծրագրերով շինարարական աշխատանքներ են ընթանում

Ավարտական փուլում է գտնվում Հովտամեջ բնակավայրի Երևանյան փողոցի մայթերի և Հ. Բաղրամյան փողոցի բարեկարգումը: Ծրագրի արժեքը 30.6 մլն դրամ է, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը և համայնքի մասնակցությունը համահավասար է՝ յուրաքանչյուր մասով 15.3 մլն դրամ: Ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը շուրջ 29.8 մլն դրամ է, իսկ կապալառու կազմակերպությունը «Խլղաթյան Շին» ՍՊԸ-ն է։

Ծրագրի արդյունքում իրականացվել են Բաղրամյան փողոցից դեպի գերեզմանոց տանող 260 գծ․մ երկարությամբ հատվածի մաքրման, հարթեցման, տուֆե սալիկների, կիսախողովակների տեղադրման, ոռոգման առուների և 400 գծ․մ երկարությամբ մայթերի մաքրման, հարթեցման, տուֆ քարով սալիկապատման աշխատանքներ։

Դեռևս շարունակվում են Գեղակերտ բնակավայրի վերականգնվող խորքային հորերի և ոռոգման ցանցի բարելավման աշխատանքները։ Ծրագրի արժեքը 227.1 մլն դրամ է, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը համայնքի մասնակցությունը համահավասար է` 113.6 մլն դրամ: Ծրագիրն իրականացվում է 2 փուլով, 1-ին լոտի ընդհանուր պայմանագրային արժեքը շուրջ 57․1 մլն դրամ է, կապալառու կազմակերպությունը՝ «Թիամատ» ՍՊԸ-ն։ 1-ին լոտով նախատեսված շինարարական աշխատանքներն ավարտված են։ 2-րդ լոտի ընդհանուր պայմանագրային արժեքը շուրջ 145․3 մլն դրամ է, իսկ կապալառու կազմակերպությունը՝ «Բերդշեն» ՍՊԸ-ն։

Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են և կավարտվեն առաջիկա 2 տարիների ընթացքում: Ընդհանուր առմամբ, կատարվել է աշխատանքի շուրջ 21%-ը։ Նախագծով նախատեսվում է վերագործարկել 1975-1988 թթ. հորատված 4 հորատանցքեր: Ոռոգման ջուրը ջրօգտագործողներին հասցնելու նպատակով առկա հողային հուների փոխարեն տեղադրվելու են ե/բ վաքեր, և իրականացվելու է 4730 գծ․մ ոռոգման ջրագծի կառուցում։ Խորքային հորերի շուրջ նախատեսված է իրականացնել մետաղական ցանկապատ։

Իսկ Գեղակերտ բնակավայրում չգազաֆիկացված Ն. Շնորհալի, Վ. Աճեմյան, Վ. Տերյան, Տիգրան Մեծ և Գ. Նարեկացու փողոցների գազատարի կառուցում և գազիֆիկացում ծրագրի շինարարական աշխատանքները կսկսվեն առաջիկայում։ Ծրագրի արժեքը 35.05 մլն դրամ է, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 45%` 15.8 մլն դրամ, համայնքի մասնակցությունը՝ 55%` 19.3 մլն դրամ: Ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը շուրջ 34.7 մլն դրամ է։ Կապալառու կազմակերպությունը «Արտդիանշին» ՍՊԸ-ն է։

  • Կիսվել: