երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Վահե Հովհաննիսյանը՝ ՊԵԿ-ի, ՏԿԵՆ-ի, ԲՏԱՆ-ի, ՄՊՀ-ի, ՀԾԿՀ-ի և այլ գերատեսչությունների՝ 2024-ի ծախսերի մասին

Վահե Հովհաննիսյանը՝ ՊԵԿ-ի, ՏԿԵՆ-ի, ԲՏԱՆ-ի, ՄՊՀ-ի, ՀԾԿՀ-ի և այլ գերատեսչությունների՝ 2024-ի ծախսերի մասին

ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 9-ին շարունակվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումը:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է ոլորտային մի շարք մարմինների, գերատեսչությունների 2024 թվականին իրականացված ծրագրերի ֆինանսական ցուցանիշները:

Պետական եկամուտների կոմիտեի բյուջեն 2024 թվականին կազմել է 102,7 մլրդ դրամ, կատարողականը՝ 94,9 տոկոս: Իրականացվել են 2 ծրագիր, 17 միջոցառում: Կոմիտեն իրականացրել է 11 մլրդ 110 մլն դրամի գնումներ, որոնցից 806 մլն դրամը՝ մեկ անձից գնման եղանակով:

Էկոնոմիկայի նախարարության՝ 2024 թվականի բյուջեի կատարողականը կազմել է 96,4 տոկոս: Իրականացվել են 10 ծրագիր, 63 միջոցառում, 1 մլրդ 687 մլն դրամի գնումներ, որոնցից մեկ աղբյուրի գնումը կազմել է 152 մլն դրամ:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության բյուջեն հաշվետու տարում կազմել է 274,6 մլրդ դրամ, 94,9 տոկոս: Փաստացի իրականացվել են 21 ծրագիր, 126 միջոցառում: Նախարարությունն իրականացրել է 72 մլրդ 781 մլն դրամի գնումներ, որոնցից 4 մլրդ 797 մլն դրամը՝ մեկ անձից գնման եղանակով:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծախսերը 2024 թվականին կազմել են 16 մլրդ 300 մլն դրամ, կատարողականը՝ 77,1 տոկոս: Փաստացի իրականացվել են 5 ծրագիր, 23 միջոցառում, 3 մլրդ 281 մլն դրամի գնումներ, որոնցից 377 մլն դրամ՝ մեկ անձից գնման եղանակով:

Կադաստրի կոմիտեի ծախսերը 2024 թվականին կազմել են 4,4 մլրդ դրամ, կատարողականը՝ 96,2 տոկոս: Փաստացի իրականացվել են 1 ծրագիր, 3 միջոցառում: Կոմիտեն իրականացրել է 809 մլն դրամի գնումներ, որոնցից 274 մլն դրամը՝ մեկ անձից գնման եղանակով, հավաքագրել է 1 մլրդ 435 մլն դրամի պետական տուրքեր:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հաշվետու տարում ծախսել է 605,5 մլն դրամ, կատարողականը՝ 81,8 տոկոս: Փաստացի իրականացվել են 1 ծրագիր, 3 միջոցառում, 89 մլն դրամի գնումներ, որոնցից 65 մլն դրամը՝ մեկ անձից գնման եղանակով: Հանձնաժողովն ապահովել է 1 մլրդ 124 մլն դրամի այլ եկամուտներ:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ծախսերը կազմել են 1 մլրդ դրամ, կատարողականը՝ 90,9 տոկոս: Իրականացվել են 1 ծրագիր, 3 միջոցառում, կատարվել են 55,8 մլն դրամի գնումներ, որոնցից 23 մլն դրամը՝ մեկ անձից գնման եղանակով: Կոմիտեն ապահովվել է 338,8 մլն դրամի պետական տուրքեր և 259 մլն դրամի այլ եկամուտներ:

Քաղաքաշինության կոմիտեի կատարողականը կազմել է 51 տոկոս: Իրականացվել են 1 ծրագիր, 9 միջոցառում, կատարվել են 1 մլրդ 535 մլն դրամի գնումներ, որոնցից 323 մլն դրամը՝ մեկ անձից գնման եղանակով: Պետական տուրքերի գծով հավաքագրվել է 826 մլն դրամ:

  • Կիսվել: