երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Խոշոր ավտովթար Հրազդանում․ բախվել են Toyota-ն ու «Մուրացան» ծննդատան Honda-ն․ կան վիրավորներ․ բժշկուհին վիրավոր վիճակում օգնություն է ցուցաբերել նորածնի (լուսանկար)

Խոշոր ավտովթար Հրազդանում․ բախվել են Toyota-ն ու «Մուրացան» ծննդատան Honda-ն․ կան վիրավորներ․ բժշկուհին վիրավոր վիճակում օգնություն է ցուցաբերել նորածնի (լուսանկար)

Այսօր՝ հունվարի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհից դեպի Հրազդան քաղաք տանող հատվածում՝ Հայ Ֆիդայիներ փողոցում՝ արագաչափի հարևանությամբ, բախվել են Toyota Corolla և Honda CRV մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և նույն գումարտակի օրվա պատասխանատու Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Վարդան Բագրատյանը և կրտսեր պարեկ Նորիկ Բաղդասարյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա։

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվելու են վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Honda-ն հաշվառված է Երևանի պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի հաշվեկշռում և նշված հիվանդանոցի բժշկուհի Մերի Խաչատրյանը մեկնում էր մարզից նորածնին Երևանի բժշկական կենտրոն տեղափոխելու համար։

Ավտոմեքենայի լուսային փարոսիկները եղել են միացված, երբ նրա ու Toyota-ի միջև ճակատային բախում է տեղի ունեցել։

Վիրավոր բժշկուհին հրաժարվել է բժշկական օգնությունից և մարմնական վնասվածքներով մեկնել է նորածնի տուն, տեղում երեխային ինտուբացրել է և մեկ այլ շտապօգնության ավտոմեքենայով երեխային տեղափոխել է տվել «Մուրացան» բժշկական կենտրոն, իսկ հետո բժիշկ Մ․ Խաչատրյանին տեղափոխել են հիվանդանոց։

«Հրազդան» բժշկական կենտրոն է ժամանել Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Հավելենք, որ ԵՊԲՀ աշխատակազմի  ղեկավար Շուշան Դանիելյանն էլ իր հերթին սոցցանցի իր էջում նշել է. «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի ռեանիմոբիլը կանչի գնալու ճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում վթարի է ենթարկվել։

Բժիշկը, բուժքույրը և վարորդը տեղափոխվել են «Հերացի» համալսարանական հիվանդանոց, ներկա պահին հետազոտման փուլում են գտնվում»:

  • Կիսվել: