ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԿԲ-ն՝ «Զվարթնոց» օդանավակայանի փոխանակման կետի աղմկահարույց ցուցանակի մասին

ԿԲ-ն՝ «Զվարթնոց» օդանավակայանի փոխանակման կետի աղմկահարույց ցուցանակի մասին

Օրերս ֆեյսբուքյան օգտատերերի քննարկումների ծիրում էր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարադրամի փոխանակման կետերից մեկի փոխարժեքի ցուցանակը, ըստ որի՝ 1 դոլարի առքը 300 դրամ է, վաճառքը՝ 620 դրամ, համապատասխանաբար՝ 1 եվրոն՝ 300 դրամ և 650 դրամ, 1 ռուբլին՝ 3 դրամ և 7.60 դրամ:

Քանի որ Կենտրոնական բանկի պարտավորությունն է վերահսկել նման տատանումները, 168.am-ը ԿԲ նախագահ Մարտին Գալստյանին ուղղված գրավոր հարցմամբ հետաքրքրվել է՝

1. Ինչո՞վ է պայմանավորված առքի ու վաճառքի միջև այս ահռելի տարբերությունը,

2. Արդյոք ԿԲ-ն օդանավակայանում իրավիճակի վերահսկողություն չի՞ իրականացնում:

Ի պատասխան՝ ԿԲ-ից վստահեցրել են, որ օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակում վերահսկողություն են իրականացնում արտարժույթի առք ու վաճառքով զբաղվող լիցենզավորված սուբյեկտների նկատմամբ:

«Հնարավոր չարաշահումների հայտնաբերման դեպքում կկիրառվեն օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցներ:

Հարկ է նշել, որ «Զվարթնոց» օդանավակայանի ընդհանուր տարածքում գործում են նաև ՀՀ բանկերի մասնաճյուղեր: Ըստ այդմ՝ օդանավակայանի ծառայություններից օգտվող անձինք կարող են տարադրամի փոխանակում իրականացնել ինչպես օդանավակայանի տարածքում գործող փոխանակման կետերի, այնպես էլ բանկերի մասնաճյուղերի միջոցով՝ վերջինների հրապարակած փոխարժեքների համաձայն»,- նշված է ԿԲ պատասխանում:

  • Կիսվել: