Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն, Իրանը կանցնի ամբողջական ոչնչացման փուլի. Ռեզայի
Իրանը պաշտպանությունից կանցնի հարձակողական գործողությունների, եթե ԱՄՆ-ն շարունակի հարձակումներն Իսլամական Հանրապետության վրա 2-3 օրվա ընթացքում: Այս մասին Իրանի պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհսեն Ռեզային:
Նա, մասնավորապես, նշել է. «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա 2-3 օրվա ընթացքում, Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը զսպման և պատասխան գործողությունների փուլից կանցնեն հարձակման և ամբողջական ոչնչացման փուլի»:
Ռեզային ընդգծել է, որ Թեհրանը հարձակման կենթարկի ոչ միայն ԱՄՆ-ի այն բազաները, որոնք գտնվում են հակամարտության գոտում, այլև դրանից դուրս։
Հիշեցնենք, որ վերջին օրերին ԱՄՆ-Իրան հարաբերությունները կրկին սրվել են։ ԱՄՆ-ն հարվածներ է հասցնում Իրանին, իսկ Իրանը տարածաշրջանում տեղակայված ԱՄՆ ռազմական օբյեկտներին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ չնայած Իրանի հետ բանակցությունները շարունակվում են, բայց ռազմական գործողությունները չեն դադարելու և իրենք փակելու են Հորմուզի նեղուցը այն նավերի համար, որոնք կապ ունեն Իրանի հետ։



