շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
 Կարմիր կիրակիին Սուրբ Հովհաննավանք բերվեց Մշո Սուրբ Առաքելոց վանքի Կարմիր Ավետարանը

Կարմիր կիրակիին Սուրբ Հովհաննավանք բերվեց Մշո Սուրբ Առաքելոց վանքի Կարմիր Ավետարանը

Արագածոտնի թեմում ձևավորված բարի ավանդույթի համաձայն, Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, այս տարի ևս Կարմիր կիրակիին Սուրբ Հովհաննավանք բերվեց Մշո Սուրբ Առաքելոց վանքի Կարմիր Ավետարանը ու մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ, հայտնում են Արագածոտնի թեմից։  

Սուրբ Պատարագը մատուցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան՝ Հոգեշնորհ Հայր Դերենիկ աբեղա Սահակյանը:

Հայր Սուրբն իր քարոզում անդրադառնալով կյանքում առանց վախի ապրելու, պայքարելու և անցյալը չմոռանալու կարևորությանը, հավելեց. «Ամեն օրվա համար հնչում է Աստվածաշնչից մի վախեցիր պատգամը, որովհետև վախը ամեն բան մեր կյանքում կիսատ է թողնում ՝ վախենում ենք սիրել, ապրել, գործել, պայքարել և այդ վախով ապրելու արդյունքում մենք ունենում ենք ոչինչ, իսկ Տերը միշտ ասում է մեզ՝ մի վախեցիր:

Մշո Առաքելոց վանքը մեզ համար տիպար թող լինի պայքարի, մտքի թռիչքի, անկոտրում կամքի, որ այս Ավետարանը հասել է մեզ: Այս Ավետարանը մեզ ամեն օր պետք է պատմի և գա ասելու, որ մի վախեցիր այլ պայքարիր: Կուզենամ, որ այս ամենը երբևէ չմոռանաք:

Չկա ապագա առանց անցյալի գիտակցության, մենք մեր անցյալը պետք է լավ իմանանք և հասկանանք, որ Աստված մեր պատմության մեջ մեզ երբեք մենակ չի թողել՝ ապրեցնելով մեր դրախտավայր հայրենիքը և այսօր էլ շարունակում է ապրեցնել:

 

Մենք էլ եկեք ընդունենք այս կյանքի դժվարությունը, այն մի պահը, երբ Քրիստոս հոգնեց և խաչը ուսից վայր դրեց, հիմա մենք քայլում ենք հայոց ազգի Գողգոթան, բայց եկեք ուժ գտնենք, վերագտնենք մեզ, ամուր կառչենք մեր հայոց եկեղեցուն, հայ մտքին, դառնանք մի բռունցք, որովհետև միասնականության մեջ է հաղթանակը:

Սիրենք, հարգենք իրար, հոգատար լինենք մեկս մյուսի նկատմամբ, մեր արցախցի քույրերի և եղբայրների նկատմամբ, որպեսզի սերն ու խաղաղությունը բնակվի մեր մեջ, որպեսզի շուտ հասնենք Գողգոթա և շուտ հասնի հայոց ազգի Հարությունը, ամեն»:

Ի թիվս բազմաթիվ հավատացյալների Սուրբ Պատարագին ներկա էին նաև եկեղեցու այս տարվա Խաչքավորն ու վանքի բարերարներ:

Հազարավոր հավատացյալներ Հայաստանի տարբեր համայնքներից ուխտավորաբար այցելել էին Սուրբ Հովհաննավանք՝ մասնակցելու Սուրբ Պատարագի և Ավետարանից իրենց բաժին օրհնությունն առնելու:

Ավետարանը պահվում է երևանաբնակ Կարապետյանների ընտանիքում, ովքեր արդեն 4 տարի այս օրը խոնարհաբար բերում են Սուրբ Հովհաննավանք Ավետարանի օրհնությունը փոխանցելով հազարավոր մարդկանց:

  • Կիսվել: