շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կարմիր Խաչը վերածվեց Բաքվի հետ համագործակցող սուբյեկտի․ Սիրանուշ Սահակյան

Կարմիր Խաչը վերածվեց Բաքվի հետ համագործակցող սուբյեկտի․ Սիրանուշ Սահակյան

Հակարի կամրջի վրայից Վագիֆ Խաչատրյանի առեւանգման միջադեպով տեսանք, որ հարձակման թիրախ է դարձել ոչ միայն Արցախի քաղաքացին, այլեւ տեսանք, որ թիրախավորվեց Կարմիր խաչը, որը մարդասիրական մանդատ իրականացնող սուբյեկտից վերածվեց Ադրբեջանի հետ համագործակցող սուբյեկտի: Այս մասին «Ադրբեջանի կողմից Վագիֆ Խաչատրյանի առևանգումը՝ մարդու իրավունքների կոպտագույն խախտում․ ի՞նչ միջոցներ է պետք ձեռնարկել» թեմայով «Մեդիա կենտրոնին» տված իր հարցազրույցում նշեց ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը:

«Արտակարգ հանձնումները երբեք տեղի չեն ունենում  մեկ կողմի գործողությունների շրջանակում, որպես կանոն լինում է երկրորդ շահագրգիռ կողմը, որը համագործակցելով հայցող պետության հետ, իրավական գործընթացներ շրջանառելով մարդու իրավունքների խախտումներ է թույլ տալիս: Կարմիր խաչը գիտակցված կամ չգիտակցված կերպով դարձավ այն համագործակցող սուբյեկտը, որի միջոցով նախապատրաստվեցին եւ իրականացվեցին մարդու իրավունքների խախտումներ: Եթե չլիներ Կարմիր խաչն իր մանդատով, ապա Վագիֆ Խաչատրյանը չէր հայտնվի Ադրբեջանի իրավազորության  ներքո, եւ Ադրբեջանը չէր ունենա նրան հոգեբանական եւ ֆիզիկական խոշտանգումների ենթարկելու  հնարավորություն»,-ասաց ՍԻրանուշ Սահակյանը:

Նա նկատեց, որ միջազգային իրավունքում պատասխանատվություն է կրում ոչ միայն այն երկիրը, որը խոշտանգում է անձին, այլեւ այն երկիրը, որն իր գործողություններով դրա համար պայման է ստեղծել. «Դրա դասական օրինակն է, որ երբ պետությունը կանխատեսելով, որ էքստրդիցիայի ենթարկվող անձը կարող է խոշտանգումների ենթարկվել հայցվող պետությունում, ուղարկում է: Մարդու իրավունքների ստանդարտները երկու պետության պատասխանատվությունն են դնում: Կան բազմաթիվ նախադեպեր, երբ զոհերը դիմում են հանձնող պետության դեմ եւ ասում՝ եթե դու հանձնես, կխախտես մեր իրավունքները: Այս դեպքում Կարմիր խաչը մարդու իրավունքների խախտող է դարձել»,-ընդգծեց նա:

Հիշեցնենք, որ արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի առևանգման մասին, ով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան էր տեղափոխվում բուժման նպատակով, Արցախի պետնախարարն ու Մարդու իրավունքների պաշտպանն ահազանգել են հուլիսի 29-ին։ Այդ հայտարարություններից ժամեր անց Բաքուն հաղորդել է, որ ադրբեջանցի իրավապահները ձերբակալել ու Բաքու են տեղափոխել Հայաստան բուժման եկող տղամարդուն։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե «նրան մեղադրանք է առաջադրվել» դեռ 2013-ին, նրան կալանավորելու որոշում կայացվել, և որ նույն թվականին «միջազգային հետախուզում է հայտարարվել»։

  • Կիսվել: