կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԿԽՄԿ-ն պետք է պարզաբաներ, թե ի՞նչ պատճառով Վագիֆ Խաչատրյանը պետք է հրաժարվեր ընտանիքի հետ շփումից. Սիրանուշ Սահակյան

ԿԽՄԿ-ն պետք է պարզաբաներ, թե ի՞նչ պատճառով Վագիֆ Խաչատրյանը պետք է հրաժարվեր ընտանիքի հետ շփումից. Սիրանուշ Սահակյան

Կարմիր խաչը իսպառ զրկված է որոշ հարցեր լուծելու հնարավորությունից, նրա մարդասիրական գործողությունների լիմիտը սպառվել է: Այս մասին «Ադրբեջանի կողմից Վագիֆ Խաչատրյանի առևանգումը՝ մարդու իրավունքների կոպտագույն խախտում․ ի՞նչ միջոցներ է պետք ձեռնարկել» թեմայով «Մեդիա կենտրոնին» տված իր հարցազրույցում նշեց ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը:

«Օրինակ, Կարմիր խաչը զրկված է սնունդ մատակարարելուց, որի արդյունքում սովամահ են լինում երեխաներ, հղի կանայք: Թերսնուցումը լուրջ առողջական խնդիրներ է առաջ բերում եւ կյնքի իրական անմիջական սպառնալիքներ է ստեղծում Արցախի ողջ բնակչության նկատմամբ»,-ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ Հակարի կամրջի վրայից Ադրբեջանի կողմից առեւանգված Վագիֆ Խաչատրյանը հրաժարվել է Կարմիր Խաչի միջոցով հաղորդակցվել իր հարազատների հետ, Սիրանուշ Սահակյանն ասաց. «Մենք չունենք տեղեկատվություն, թե ինչ պատճառներով անձը պետք է հրաժարվեր խիստ հարազատ եւ նաեւ հոգեբանական աջակցություն պահովող ընտանիքի հետ զրույցներից: Արդյոք  անձը գտնվել է պատշաճ հոգեբանական եւ ֆիզիկական վիճակում այդ որոշումը կայացնելու ժամանակ, թե՞ ազատ կամարտահայտության սահմանափակումների եւ հարկադրանքի ներքքո զրկվել է այդ երաշխիքի օգտագործումից: Այստեղ մենք էլի տեսնում ենք լռություն, որն արդարացում չունի: Մենք պետք է հավելյալ պարզաբանումներ ստանայինք, թե ինչու անձը չի ցանկացել օգտվել այդ հնարավորությունից»:

Հիշեցնենք, որ արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի առևանգման մասին, ով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան էր տեղափոխվում բուժման նպատակով, Արցախի պետնախարարն ու Մարդու իրավունքների պաշտպանն ահազանգել են հուլիսի 29-ին։ Այդ հայտարարություններից ժամեր անց Բաքուն հաղորդել է, որ ադրբեջանցի իրավապահները ձերբակալել ու Բաքու են տեղափոխել Հայաստան բուժման եկող տղամարդուն։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե «նրան մեղադրանք է առաջադրվել» դեռ 2013-ին, նրան կալանավորելու որոշում կայացվել, և որ նույն թվականին «միջազգային հետախուզում է հայտարարվել»։

  • Կիսվել: