երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Կարևոր չէ, թե ինչքան մարդ կհավաքվի Սուրբ Աննա եկեղեցու բակում. Սուրեն Պետրոսյան

Կարևոր չէ, թե ինչքան մարդ կհավաքվի Սուրբ Աննա եկեղեցու բակում. Սուրեն Պետրոսյան

Այս շարժման հիմքում ընկած են արժեքներ, օրակարգեր, դրանից դուրս որևէ այլ գործընթաց չկա, լինել չի կարող: Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողներին ասաց քաղաքագետ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ Սուրեն Պետրոսյանը։

Նա նշեց, որ քաղաքական օրակարգը միայն իմպիչմենտը չէ, ավելի լայն հասկացություն է, իսկ իմպիչմենտը քաղաքական օրակարգը սպասարկող  գործիքակազմերից ընդամենը մեկն է։

«Իմպիչմենտը նպատակ չէ, ինչքան էլ ուզեն ասել, ընդամենը միջոց է  կարճաժամկետ խնդիրները լուծելու համար։ Անկախ նրանից, կլինի իմպիչմենտ, անվստահության գործընթաց, կարևորը հանրության լայն աջակցությունն է, սահմանադրության ու սահմանադրականության շրջանակում մնալն է, երկուսն էլ ապահովվում է»,-ասաց Ս.Պետրոսյանը։

Նա ընդգծեց՝ հաղթանակ անպայման ունենալու են,  գործընթացի մեջ վճռական են։

«Կարևոր չէ, թե ինչքան մարդ կհավաքվի Սուրբ Աննա եկեղեցու բակում, կարևորը թե  ինչքան մարդու մոտ, վարքում ու մտքում է  փոփոխություն լինի։ Այս գործունեության արդյունքում իրականում ինչքան մարդ է փաստացի օտարվել իշխանությունից և ոչ թե մանիպուլյացիաների հետևանքով, այլ ավելի լավ են սկսել ընկալել իրականությունը, ի ցույց է դրվել իրականությունը, իրենք, ըստ դրա, իրենց որոշումը կայացնում են։ Հսկայական օտարում կա, բոլոր միֆերը  հօդս են ցնդում»,- ասաց Սուրեն Պետրոսյանը։

  • Կիսվել: