ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կապահովվի մի շարք կրթական հաստատությունների շենքային պայմանների բարելավումը և գույքով ապահովումը

Կապահովվի մի շարք կրթական հաստատությունների շենքային պայմանների բարելավումը և գույքով ապահովումը

Կառավարության որոշմամբ նախատեսվում է վերաբաշխում կատարել պետբյուջեում՝ 163,639.0 հազար դրամ հատկացնելով մի շարք կրթական հաստատությունների շենքերի ջեռուցման ապահովման հետ կապված շինարարական աշխատանքների կատարմանը և դրանց համար անհրաժեշտ նախագծմանը, ինչպես նաև գույքային հագեցվածության բարելավմանը:

Մասնավորապես՝ գումար կհատկացվի Ալավերդու թիվ 5 ավագ դպրոցի, Երևանի թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի կաթսայատան կառուցում և ջեռուցման իրականացման, Երևանի N 105 ավագ դպրոցի պարիսպի կառուցում, մուտքի դռների, արտաքին կոյուղու ցանցի և ջեռուցման մասնակի աշխատանքների, Գառնիի Ատոմի անվան հ․2 ավագ դպրոցի նոր կաթսայի տեղադրման համար, ինչպես նաև Երևանի Հ. Գալստյանի անվան թիվ 83 ավագ, Երևանի Ռոբերտ Աբաջյանի անվան հ.147 հիմնական, Երևանի Հ. Խաչատրյանի անվան N 199 հիմնական դպրոցների կաթսայատան կաթսաների փոխարինման համար:

Գործադիրն ընդունել է «Գույք հետ վերցնելու, ամրացնելու և նվիրաբերելու մասին» որոշում, որով առաջարկվում է թույլատրել Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ ՀՀ Արագածոտնի մարզպետարանին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող Աշտարակում գտնվող անշարժ գույքը նվիրաբերել «Գոռ Թումանյանի անվան կրթամշակութային կենտրոն» ՀԿ-ին կազմակերպությանը՝ Գոռ Թումանյանի անվան արվեստի դպրոց հիմնելու նպատակով։ Հիմնավորման համաձայն՝ նման խնդրանքով մարզպետարանին է դիմել Արցախյան 2-րդ պատերազմի ժամանակ զոհված Գոռ Թումանյանի հայրը:

  • Կիսվել: