Ինչ պետք է անել օդային տագնապի ժամանակ. պարզաբանում է ԱԻՆ պաշտոնյան
«Օդային տագնապի ժամանակ չպետք է խուճապի մատնվել, պետք է գնահատել իրավիճակը, եթե գտնվում ես տանը, ապա առաջնորդվել համապատասխան ուղեցույցներով՝ հագնվել, առաջին անհրաժեշտության իրերը պետք է լինեն նախօրոք նախապատրաստած, վերցնել դրանք՝ փաստաթղթեր, արժեքավոր իրեր, որոշակի քանակությամբ սնունդ և ջուր, անջատել էլեկտրամատակարարման, ջրամատակարարման համակարգերը, փակել ծորակները և ամենակարճ ճանապարհով տեղափոխվել դեպի մերձակա պաշտպանական կառույց»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ԱԻՆ Փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության պետ Էդան Սնգրյանը:
Թե ինչ պետք է անեն հասարակական վայրերում կամ երթուղայիններում գտնվող մարդիկ, Սնգրյանը նշեց. «Եթե մարդիկ գտնվում են հասարակական կառույցներում, ապա պետք է հետևեն տվյալ կառույցների պատկան մարմինների ուղեցույցներին: Եթե ուղեցույցներ չկան խուճապի պետք չի մատնվել, հնարավորինս կարճ ժամանակահատվածում պետք է ընտրել այդ տարածքում ամենապաշտպանված տարածքը և պատսպարվել: Եթե գտնվում են օրինակ հանրախանութներում, ապա դրանց մեծ մասն ունեն ստորգետնյա ավտոկայանատեղիներ, այդտեղ կարող են պատսպարվել՝ չօգտվելով վերելակներից: Եթե գտնվում են հասարակական տրանսպորտում, ապա չպետք է խոչընդոտեն վարորդի աշխատանքին, նա կանգ է առնելու, պետք է դուրս գան երթուղայինից, գտնեն մերձակա պաշտպանական կառույցը և առանց վարանելու ուղևորվեն այնտեղ»: