Ինչ դուք եկել եք, մենք ոչ մի քաղաքակիրթ բան չենք տեսել. ԶՊՄԿ-ի աշխատակիցը՝ փոխտնօրենին
Այսօր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի՝ բողոքի դուրս եկած աշխատակիցների հետ հանդիպեց ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Ֆելդմանը: Նա ասաց, որ հանդիպման սկզբում կասի իր խոսքը, այնուհետև ցանկացողները կարող են քաղաքակիրթ ձևով հերթով խոսել:
Կոմբինատի աշխատակիցներից Հարություն Մկրտչյանը նշեց. ՛՛Ինչ դուք եկել եք, մենք ոչ մի քաղաքակիրթ բան չենք տեսել: Մեր ղեկավարներին հենց այնպես ազատել, տարել են, դա՞ է քաղաքակիրթը: Նրանք արյուն ու քրտինք են դրել մեր կոմբինտում՛՛:
Նրան ի պատասխան՝ ղեկավարության ներկայացուցիչը պատասխանեց, որ այդ որոշումը ՀՀ կառավարությունն է կայացրել. ՛՛Կոմբինատից ձեր նշած անձանց հեռացնելը չի եղել մեր նախաձեռնությունը, մեր որոշումը եւ մեզ ոչ մեկը որեւէ բան չի հարցրել: խոսակցությունը եղել է կարճ. Այդ անձինք հեռանում են, կամ կոմբինատը փակվում է՛՛:
Աշխատակիցն էլ արձագանքեց. ՛՛Հիմա նույնը մենք ենք ասում. կամ այդ մարդիկ վերադառնում են, կամ կոմբինատը չի աշխատելու, կամ դուք եք հեռանալու: Մենք պնդելու ենք, որ դուք հեռանաք, որ կոմբինատը բացվի, աշխատի: Դուք չեք կարող աշխատել՛՛:
Աշխատակիցներին Ֆելդմանն առաջարկեց բոլոր պահանջները գրավոր ներկայացնել իրենց, իրենք կծանոթանան պահանջներին, որից հետո կներկայացնեն իրենց մոտեցումը: