չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Սա բացառիկ բան է մեր պետության պատմության մեջ. Եղոյանը՝ մամուլի ազատության դասակարգման աղյուսակում ՀՀ տեղի մասին

Սա բացառիկ բան է մեր պետության պատմության մեջ. Եղոյանը՝ մամուլի ազատության դասակարգման աղյուսակում ՀՀ տեղի մասին

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն այսօր խորհրդարանում իր ելույթում մասնավորապես խոսեց մամուլի ազատության մասին՝ տեղեկացնելով, որ օրեր առաջ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը իր դասակարգման աղյուսակում մամուլի ազատությամբ 180 երկրի շարքում Հայաստանին հատկացրել է 34-րդ տեղը:

Նրա խոսքով՝ սա նշանակում է, որ աշխարհում միայն 33 երկրում է մամուլն ավելի ազատ, իսկ մնացած երկրներում մամուլն ավելի անազատ է, քան Հայաստանում:

Եղոյանը նկատեց՝ այս նորությունը կարծես թե չի ոգևորել մեր լրագրողներին Հայաստանում 

«Սա առանձնապես չի բարձրաձայնվում, դրական նրբերանգներով  չի ներկայացվում, և պատճառը, կարծում եմ, այն է, որ այդ նույն զեկույցում մեկ այլ բան էր նշվում՝ որ Հայաստանում մամուլը չափազանց բևեռացված է»,- ասաց նա:

Պատգամավորը հիշեցրեց՝ առանձնացվել էին 4 լրատվամիջոցներ, որոնք քիչ թե շատ ազատ էին կամ կարելի է համարել, որ ազատ են: Խոսքը Azatutyun.am-ի, Civilnet.am-ի, Hetq.am-ի և Factor.am-ի մասին է:

«Այդպես էլ ասվում է զեկույցում՝ մի ձեռքի մատների վրա կարող ենք հաշվել ազատներին, մնացածները, ասվում էր՝ կամ գտնվում էին իշխանությանը մոտ ուժերի վերահսկողության ներքո, կամ նախկին օլիգարխների»,- նշեց Եղոյանը՝ հիշեցնելով, որ իշխող ուժն ունի կուսակցական լրատվամիջոց՝ civic.am-ը, կան նաև մեկ-երկու կայքեր, որոնք համակրանքով են վերաբերվում իշխանությանը:

Նրա խոսքով՝ ստացվում է, որ մնացած լրատվամիջոցները, ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության զեկույցի, գտնվում են նախկին օլիգարխների վերահսկողության ներքո, իսկ զարմանալին այն է, որ մեր լրագրողական կազմակերպություններն այս մասին չեն բողոքում:

«Փոխարենը գալիս են այստեղ լրատվամիջոցների սեփականատերեր, ինչպիսին է, օրինակ, տիկին Թովմասյանը (պատգամավոր Թագուհի Թովմասյան - խմբ.) ու իրեն թույլ է տալիս բարձրաձայնել, տեսեք, թե ինչ է ասում՝ ՔՊ խմբակցության պատգամավորի կինը ինչ-որ մի տեղ ինչ-որ մի պաշտոնում աշխատում է: Պատկերացնո՞ւմ եք, ասում է՝ մարդը աշխատում է: Երբ իրեն հարցնում են՝ ձեզ որտեղից 3 տուն Երևանի կենտրոնում, պատասխանում է՝ ես աշխատել եմ: Մյուս լրագրողները երևի այդքան լավ չեն աշխատել կամ իրենից վատ լրագրող են եղել»,- հայտարարեց Արման Եղոյանը՝ հետաքրքրվելով, թե ինչպես ունի 3 անշարժ գույք:

Նրա խոսքով՝ Հայկ Կոնջորյանի կինը պետք է 10 տարի հավաքի իր աշխատավարձը,  որ 10 տարի հետ նոր հնարավորություն ունենա գնել Թագուհի Թովմասյանի ամենաէժան բնակարաններից մեկը:

«Ես կոչ եմ անում մեր լրագրողներին, լրագրողական կազմակերպություններին՝ օգուտով օգտվել այս հնարավորությունից: Սա բացառիկ բան է մեր պետության պատմության մեջ: ԵՄ անդամ 9 երկրներ այս դասակարգման մեջ Հայաստանից ավելի հետ են գտնվում, և ոչ թե երազել նախկին կոռուպցիոն համակարգի վերադարձի մասին ու մի բան էլ բարձրաձայնել դրա մասին առանց ամաչելու»,- խոսքը եզրափակեց պատգամավորը:

  • Կիսվել: