Ոչ մի գողացող չի պլստալու. Նարեկ Գրիգորյանը՝ ապօրինի գույքի բռնագանձման մասին
Հարգելի՛ ընդդիմություն, ինչքան գովերգում եք Ռոբերտ Քոչարյանին, այնքան ավելի խորն եք փորում ձեր քաղաքական փոսը, այն փոսը, որն 80 սմ էր, հետո սարքեցիք 1 մ 80 սմ, հիմա սարքում եք 2 մ 80 սմ, որ էլ տեղից չկարողանաք դուրս գալ, քաղաքականությամբ զբաղվել: Այդ մասին Ազգային ժողովի՝ մայիսի 14-ի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը:
«Ասում եք՝ Ռոբերտ Քոչարյանն ունի 4 մլրդ դոլարի կարողություն, ինչո՞ւ չեք բացահայտում: Կբացահայտենք, անհո՛գ եղեք: Բա եթե չենք բացահայտում, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամնե՞րն էին գլուխները կախ բերում, իրենց գողոնը հանձնում պետությանը: Բերելու ենք, վերցնելու ենք հատիկ առ հատիկ:
Ոչ մի գողացող չի պլստալու: Հասկանում եմ անհանգստությունը, նաև ոգևորությունը: Դե մտածում եք՝ ո՞նց անենք՝ սրանք իշխանության չլինեն, մենք էլ մեր փողերը վայելենք: Գողացված գումարը չի վայելվելու»,- ասաց պատգամավորը:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Ազգային ժողովում իր ղեկավարած ոլորտի՝ 2024 թվականի գործունեության մասին հաղորդման շրջանակում ներկայացրել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և նրա ընտանիքի անդամներից հօգուտ ՀՀ-ի բռնագանձման ենթակա՝ դատարանում ներկայացված հայցագինը: Ըստ այդմ՝ հօգուտ ՀՀ-ի պահանջվում է բռնագանձել 22 անշարժ գույք, 2 գույքի գնման իրավունք, ավելի քան 3 մլն դոլար, 985 մլն դրամով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան 1,4 մլն դոլարի ավանդ, 15 իրավաբանական անձում մասնակցություն, ավելի քան 4 մլն դոլարի, 8,3 մլրդ դրամի, 261 մլն ռուբլու և շուրջ 590 հազար եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք, 2 տրանսպորտային միջոց, ավելի քան 3,8 մլրդ դրամին համարժեք գումարով գույքերի ձեռքբերման արժեքներ և ավելի քան 20 մլրդ դրամ: