ՀԾԿՀ–ն մերժեց ռուսական «Մոբայլ Տելեսիստեմ» կորպորացիայի հայտը ՀՀ–ում իր բիզնեսը վերակազմավորելու վերաբերյալ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մերժեց ռուսական «Մոբայլ Տելեսիստեմի» (ՄՏՍ) կորպորացիայի հայտը ՀՀ–ում իր բիզնեսը վերակազմավորելու վերաբերյալ: Այս մասին որոշում կայացվեց հանձնաժողովի նիստում:
ՀԾԿՀ–ի որոշման համար հիմք է հանդիսացել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության եզրակացությունը, որի մեջ նշել է` քանի որ հավանություն է տվել «ՄՏՍ Հայաստանի» բաժնետոմսերի վաճառքի հայտին, ինչպես նաև ելնելով պետական շահերից՝ չի հաստատի այս նոր հայտը, որով «ՄՏՍ»–ը կկարողանար փոխել իր բիզնեսի սեփականության ձևը ՀՀ–ում։
Նշենք, որ «ՄՏՍ» մայր ընկերությունը պատրաստվում էր գնել «ՄՏՍ Հայաստանի» բաժնետոմսերի 100%–ը Կիպրոսում գրանցված Aramayo Investments Limited ընկերությունից, որը պատկանում է հենց իրեն: Եթե նախկինում ՀՀ–ում գործող դուստր օպերատորը «ՄՏՍ»–ին էր պատկանում Կիպրոսում գրանցված ընկերության միջոցով (ՄՏՍ – Արամայո – ՄՏՍ Հայաստան), ապա այժմ ցանկանում էր այդ ընկերությունը դուրս բերել շղթայից՝ սեփականությունը դարձնելով ուղղակի («ՄՏՍ»–«ՄՏՍ Հայաստան»):
Զուգահեռ, «ՄՏՍ»–ը հայտ է ներկայացրել «ՄՏՍ Հայաստանի» բաժնետոմսերի վաճառքի մասին Fedilco Group Limited ընկերությանը, որը նույնպես գրանցված է Կիպրոսում։