երեքշաբթի, մայիս 27
27 / 5 / 2025
Քուվեյթի Պետության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Քուվեյթի Պետության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մայիսի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության նորանշանակ դեսպան Մուհամմադ Տարիկ Ալի Ալ-Օրայֆանին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով նրան արդյունավետ աշխատանք իր առաքելության ընթացքում:

Կարևորելով Հայաստանի և Քուվեյթի միջև ավանդական բարեկամական հարաբերությունները՝ Վահան Կոստանյանը համոզմունք է հայտնել, որ դեսպանն առավելագույն ջանքեր կգործադրի երկու երկրների միջև համագործակցության խթանման և ամրապնդման ուղղությամբ:

Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր՝ երկուստեք կարևորելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հսկայական ներուժն իրացնելու անհրաժեշտությունը:

  • Կիսվել: