Հրշեջների անձնուրաց աշխատանքի շնորհիվ հրդեհը կողքի տուն չի մտել, բայց մարումը երկար է տևելու. Արսեն Մկրտչյան
Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է ահազանգ ժամը 14.15-ին, որ Շերամի փողոցի հասցեներից մեկում հրդեհ է բռնկվել անձեռոցիկի արտադրամասում և որը միաժամանակ նաև պահեստներ ունի։ Այս մասին այսօր հրդեհի վայրում լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արսեն Մկրտչյանը։
Նա, մասնավորապես, նշեց. «Անմիջապես համարժեք արձագանքում է իրականացվել դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ, Հրդեհային ծառայության բժշկական ապահովման խումբը և ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը։ Դեպքի վայր է մեկնել նաև փրկարարական ուժերի վարչության, հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կազմակերպման բաժինը՝ իրենց օպերատիվ խմբով։
Պարզվել է, որ հրդեհը մի քիչ բարդություն ունի, հայտարարվել է հրդեհի բարդության 3–րդ կանչ։ Ներկա պահին այստեղ աշխատում են 18 հրշեջ մեքենաներ, փորձում ենք տեղայնացնել հրդեհը։
Եթե նկատեցիք, չորս տեղամասով գնում են հրդեհաշիջման աշխատանքներ, տեղամասերից մեկում անմիջապես սպահեստին կպած բնակելի տուն կա և այնտեղ աշխատանքներ ենք իրականացնում, որպեսզի տարածումը կանխենք, ինչը գրեթե հաջողվել է։ Մյուս ուղղություններով նույնպես իրականացվում է հրդեհաշիջման աշխատանքը։
Բոլոր մոտեցման հնարավոր ուղիներով մոտեցել ենք, տեղ կա, որ պատ ենք քանդել տրակտորով, որպեսզի ավելի ուղիղ հրդեհին ուղղվի մեր ջուրը տվյալ դեպքում։
Հրդեհը դեռևս շարունակվում է, որովհետև այդ անգարի կենտրոնական մասում էլ ունենք հրդեհներ, մենք բոլոր կողմերից մոտենում ենք դեպի հրդեհի բուն օջախին։
Կրակը հասած էր հարակից տանը, բայց մոենք կանխեցինք տարածումը դեպի դեպի տան կողմ։ Տունը բնակելի չի։ Հրշեջների անձնուրաց աշխատանքի շնորհիվ, դա առայժմ հաջողվել է և առաջ են շարժվում դեպի հրդեհի բուն օջախ։
Նա չցանկացավ հստակ նշել, թե որքան կտևի մարման գործընթացը. «Հնարավոր է՝ երկար տևի այս մարման գործընթացը, որովհետև ներսում պահեստային հատված է և ամբողջը պետք է նույնիսկ հրդեհաշիջումից հետո հետհանգեցման աշխատանքներ արվի, պետք է շուռումուռ տրվի և այլն։
Տուժածներ չունենք, աշխատակիցներից մի հոգի, կարծեմ, թե հենց այս պահեստի աշխատակիցներից, թթվածնով ինչ-որ շնչել է, ուրիշ ոչինչ չունենք»։
Լրագրողների հարցին՝ կա՞ վարկած այս պահին, թե ինչի պատճառով է եղել հրդեհը, Մկրտչյանը պատասխանեց. «Դա արդեն փորձաքննությունը ցույց կտա, համապատասխան մարմինները կիրականացնեն, վարկածներ չունենք։ Դա մեր գործառույթներից էլ չի բխում, դա մի քիչ ուշ կլինի, դա ուրիշ գործառույթ է»։
Անդրադառնալով նրան, որ հրդեհի ժամանակ հոսանքօ լարերից կայծեր էին թռչում, հնարավո՞ր է, որ հոսանքազրկեն տարածքը, Արսեն Մկրտչյանն ասաց. «Հոսանքի հետ կապված և ԲԷՑ–ին են տեղեկացրել, և ՀԷՑ–ին, իրենց շրջիկ խմբերը ուր որ է կմոտենան և իրենք կորոշեն՝ հոսանքազրկել պետք է, թե ոչ։ Որովհետև հոսանքազրկման դեպքում հնարավոր է մի ողջ թաղամաս հոսանք չունենա»։
Արսեն Մկրտչյանը հստակեցրեց, որ այս պահին դեպքի վայրում է 18 հրշեջ մեքենա, 115 փրկարար, ներգրավել են նաև տարբեր մարզերից փրկարարների։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 29-ին՝ ժամը 14։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շերամի փողոցում գտնվող անձեռոցիկի արտադրամասում հրդեհ է բռնկվել։
Հրդեհի բարդությունից ելնելով՝ տեղում հայտարարվել է «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր է մեկնել նախ 6, ապա ևս 9, ապա ևս 3 մարտական հաշվարկ։
Այս պահին հրշեջները փորձում են տեղայնացնել հրդեհը։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 115 փրկարար, նրանց ներգրավել են նաեւ մարզերից։
Ըստ news.am-ի:
Տեսանյութը՝ 24news.am-ի:


