4 զոհ, 35 վիրավոր. Իրաքում էլեկտրակայանում հրդեհ է բռնկվել
Իրաքի Բասրա նահանգի «Ալ-Հարթա» էլեկտրակայանում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն չորս մարդ է զոհվել, 35-ը՝ վնասվածքներ ստացել: Այս մասին այսօր հայտնել են Իրաքի անվտանգության ոլորտի աղբյուրները, փոխանցում են տեղական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ դեպքի վայր են ժամանել քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումները։ Տուժածները տարբեր աստիճանի այրվածքներ են ստացել և թունավորվել ծխից։ Նրանց տեղափոխել են բուժհաստատություններ՝ անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար։
Իրաքի էլեկտրաէներգետիկայի նախարար Ալի Վահիբը արտակարգ խորհրդակցություն է անցկացրել պատահարի կապակցությամբ և հանձնարարել է հրատապ միջոցներ ձեռնարկել էլեկտրակայանի վնասվածքները վերացնելու ուղղությամբ:
Ավելի վաղ Բասրա նահանգի առողջապահության վարչությունը հայտնել էր, որ հրդեհի պատճառ է դարձել էլեկտրակայանի տարածքում գազատարի պայթյունը։
Դեպքի պատճառները պարզվում են։


