Հրազդանում ոստիկանության մարզային վարչության մոտ Toyota Vilnius-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել. կա վիրավոր
Այսօր՝ մայիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում՝ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության հարևանությամբ, 46-ամյա Շահեն Մ.-ն իր վարած «Toyota Vilnius» ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհը բաժանող բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վթարի հետևանքով ուղևոր, 50-ամյա Գոհար Ն.-ն հոսպիտալացվել է «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել է հիվանդանոցում մնալուց:
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը, այնուհետև ճանապարհային ոստիկանների ու քաղաքացիների օգնությամբ դարձի են բերել ավտոմեքենան և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը: