չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ՀՀ-ԵՄ համաձայնագրի ներքո վիճակագրության ոլորտին առնչվող մի շարք միջոցառումներ են իրականացվում

ՀՀ-ԵՄ համաձայնագրի ներքո վիճակագրության ոլորտին առնչվող մի շարք միջոցառումներ են իրականացվում

Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) կատարման շրջանակներում վիճակագրության ոլորտին վերաբերող 10 միջոցառում է նախատեսված, որոնցից հինգն արդեն կարող ենք ավարտված համարել: Այդ մասին հայտնեց ՀՀ վիճակագրական կոմիտեի վիճակագրության պետական խորհրդի անդամ Անահիտ Սաֆյանը՝ ներկայացնելով համաձայնագրով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքը:

Ըստ բանախոսի՝ Հայաստանի վիճակագրական կոմիտեն Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում իրականացրել և շարունակում է իրականացնել մի շարք կարևոր միջոցառումներ՝ կապված պետական տարբեր գերատեսչությունների և ոլորտների վիճակագրական տվյալների արտադրման, մշակման, ներկայացման մեխանիզմների բարելավման հետ: Միջոցառումներից մեկն, օրինակ, միգրացիայի վիճակագրության արտադրման կատարելագործումն է վարչական աղբյուրներից ստացված տվյալների հիման վրա, մյուսը՝ թափուր աշխատատեղերի վիճակագրության հետազոտման մեթոդաբանության և գործիքակազմի կատարելագործումը և դրանց մոտարկումը եվրոպական չափանիշներին:

 
 

Անահիտ Սաֆյանի խոսքով՝ բոլոր ոլորտներում էլ մեծ աշխատանք է իրականացվում, սակայն քանի որ փորձագիտական օգնության կարիք կա՝ հայկական կողմը խնդրանքով դիմել է եվրոպական կողմին:

«Իսկապես շատ մեծ աշխատանք է իրականացվել, սակայն կա հինգ միջոցառում, որտեղ մենք կարիք ունենք օժանդակության: Մեկը թափուր աշխատատեղերի վիճակագրությունն է, մյուսը՝ կառուցվածքային բիզնես վիճակագրությունը, երրորդը ուսումնասիրությունների և մշակումների վիճակագրությունն է, չորրորդը ֆինանսների վիճակագրությունն է և վերջինը վերապատրաստումն է դասակարգումների վերաբերյալ», - հաղորդեց Անահիտ Սաֆյանը:

Բանախոսն այս համատեքստում ընդգծեց, որ 1992 թվականից ի վեր Հայաստանի վիճակագրական կոմիտեն սերտորեն համագործակցել և համագործակցում է Եվրոստատի՝ Եվրամիության վիճակագրական ծառայության հետ՝ օգտագործելով համագործակցության բոլոր հնարավոր գործիքները: Նախկինում այդ գործիքը եղել է ՏԱՍԻՍ ծրագիրը, այնուհետ՝ Թվինինգ և ԹԱՅԵՔՍ գործիքները: Արմստատի և Եվրոստատի այդ փայլուն համագործակցության արդյունքում, ինչպես Անահիտ Սաֆյանն է բնութագրում, տեղի է ունեցել եվրոպական չափանիշների, նորմերի և մեթոդաբանությունների ներդրումը:

 

«Արմստատը միակ կառույցն է Հայաստանում, որն իրականացրել է ԵՄ երկու Թվինինգ ծրագիր և ավելի քան 15 միջոցառում ԹԱՅԵՔՍ գործիքի ներքո: Եվրամիության հետ համագործակցությունը իրականացվել է նաև այլ գործիքների ներքո, որոնք կոչվում են «Գնահատումներ»: Մենք միշտ եղել ենք բաց և թափանցիկ տարբեր գնահատումների համար, որոնց նպատակն է եղել բացահայտել մեր ուժեղ և թույլ կողմերը: Յուրաքանչյուր գնահատման արդյունքում ներկայացվում է առաջարկությունների, բարելավման գործողությունների ցանկ, և իրականացնելով այդ բոլոր առաջարկությունները՝ մենք գրանցել ենք այն առաջընթացը, որը ես կներկայացնեմ: Այն է՝ մենք ներդրել ենք եվրոպական չափանիշներ, մեթոդաբանություններ, մենք առաջինն էինք ԱՊՀ երկրների շրջանում և Արևելյան հարևանության մեջ, որը ներդրել է Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչը», - հավելեց Արմստատի ներկայացուցիչը:

Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում հինգ հոդված է հատկացված վիճակագրության ոլորտին: Մասնավորապես, Հոդված 30-ում նշվում է, որ կողմերը պետք է մշակեն և ամրապնդեն վիճակագրությանն առնչվող հարցերի վերաբերյալ իրենց համագործակցությունը՝ դրանով նպաստելով միջազգային մակարդակով համադրելի և արժանահավատ վիճակագրական տվյալներ ժամանակին տրամադրելու երկարաժամկետ նպատակի ապահովմանը: Ըստ համաձայնագրի` ակնկալվում է, որ կայուն, արդյունավետ և մասնագիտական անկախ ազգային վիճակագրական համակարգի միջոցով կտրամադրվեն այնպիսի տեղեկություններ, որոնք վերաբերում են Եվրամիությունում և Հայաստանում քաղաքացիների, գործարարության և որոշում կայացնողներին՝ նրանց ընձեռելով դրանց հիման վրա տեղեկացված ձևով որոշումներ կայացնելու հնարավորություն:

Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA), որը ստորագրվել է 2017 թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովի շրջանակներում, Հայաստանի և Եվրամիության գործընկերության իրավական հիմքն է: Համաձայնագիրը ուժի մեջ է մտել 2021 թ. մարտի 1-ից:

  • Կիսվել: