երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Հայաստանը հայտ է ներկայացրել միանալու քաղցկեղի որակյալ խնամքի հասանելիության բարելավմանն ուղղված ցանցին

Հայաստանը հայտ է ներկայացրել միանալու քաղցկեղի որակյալ խնամքի հասանելիության բարելավմանն ուղղված ցանցին

Հայաստանը հայտ է ներկայացրել միանալու քաղցկեղի որակյալ խնամքի հասանելիության բարելավմանն ուղղված City Cancer Challenge (C/Can) ցանցին: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից:
 
Ժնևում տեղակայված հիմնադրամի ներկայացուցիչներն այսօր այցելել են Առողջապահության նախարարություն, հանդիպել նախարարի տեղակալ Արտակ Ջումայանի և ԱՆ պատասխանատու ստորաբաժանումների մասնագետների հետ:
 
Հիմնադրամի ներկայացուցիչները կատարում են հետազոտություններ, այցելում քաղցկեղի բուժման և խնամքի ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններ, ուսումնասիրում ոլորտում առկա հնարավորություններն ու մարտահրավերները:
 
Արդյունքների հիման վրա կնքվում է հուշագիր` աջակցություն ցուցաբերելով քաղցկեղի ախտորոշման, բուժման և խնամքին ուղղված նախագծերի մշակման հարցում:
 
C/Can-ն աջակցում է նաև քաղցկեղի բուժման միջազգային ուղեցույցները տեղայնացնելու, ազգային կարիքներին համապատասխանեցնելու և ազգային ուղեցույցներ մշակելու հարցում:
 
Ներկայացնելով ոլորտում իրականացվող ծրագրերը` նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը նշել է, որ ԱՆ թիմը պատրաստ է ակտիվ համագործակցելու, որպեսզի հայտի բավարարման դեպքում արդյունքներն ուղղվեն քաղցկեղի որակյալ խնամքի նոր հնարավորությունների ստեղծմանը:

  • Կիսվել: