Հայաստանում քովիդի դեմ 2 դեղաչափով պատվաստված է մեծահասակների 43,7 տոկոսը․ նախարար
Կառավարությունը կորոնավիրուսային մարտահրավերը հաղթահարելու և հետևանքները մեղմելու համար վարել է հավասարակշիռ քաղաքականություն։ Այս մասին ԱԺ-ում այսօր կառավարության 2021 թվականի կատարողականը ներկայացնելու ընթացում նշեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Մի կողմից զսպելով վարակի տարածումը՝ կանխարգելելով հիվանդությունը պատվաստումներով և ապահովելով մեր քաղաքացիների համար բարձրորակ բժշկական օգնություն, և մյուս կողմից չգնալով տնտեսական գործունեության սահմանափակումների՝ զերծ ենք մնացել լոքդաուններից։ Հետհայաց գցելով կարող ենք ասել, որ ընտրված այս ճանապարհը ճիշտ էր»,- ասաց Անահիտ Ավանեսյանը։
«Կորոնավիրուսային հիվանդության հայտնաբերման նպատակով 2021 թ-ի ընթացքում արվել է 1 միլիոն 978 հազար թեստավորում, որից գրանցվել է 185․242 դրական դեպք։ Մեր գործընկեր երկրների հետ համատեղ աշխատանքի շնորհիվ հաջողվել է ստեղծել թեստավորման և պատվաստումների արդյունքները գրանցող միասնական տեղեկատվական համակարգ և ՀՀ-ն միացել է Ճանապարհորդել առանց քովիդի համակարգին։ 2021-ի ապրիլից մեկնարկել է քովիդի դեմ պատվաստումների գործընթացը և սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին հաջողվել է պատվաստումների կտրուկ ավելացման շնորհիվ 2021-ի աշնան և 2022 թվականի ձմռան ալիքներին հնարավորինս լավ դիմակայել»,- ընդգծեց նախարարը։
«Պատվաստված է մեծահասակ բնակչության 49․5 տոկոսը առաջին դեղաչափով և 43․7 տոկոսը՝ ամբողջությամբ։ Մայիսի 5-ից քովիդի դեմ պատվաստումային գործընթաց է իրականացվել հանրային վայրերում, շարժական պատվաստումային կետերի միջոցով, իրականացվել են նաև արտագնա, շարժական պատվաստումներ համայնքներում, նաև տնային պատվաստումներ»,- ասաց Ավանեսյանը։ Գործարկվել են նաև պատվաստումների գրանցման էլեկտրոնային համակարգեր։