երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վաղը Հայ Առաքելական Եկեղեցին կտոնի Սուրբ Թադեոս ու Բարդուղիմեոս առաքյալների հիշատակության օրը

Վաղը Հայ Առաքելական Եկեղեցին կտոնի Սուրբ Թադեոս ու Բարդուղիմեոս առաքյալների հիշատակության օրը

Քրիստոնեության առաջին սերմերը Հայաստան աշխարհում ցանեցին Սուրբ Թադեոս ու Բարդուղիմեոս առաքյալները: Նրանց հիշատակության օրը Հայ Առաքելական Եկեղեցին կտոնի դեկտեմբերի 2-ին։ Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիներում կմատուցվի Սուրբ Պատարագ:

Օրը մեզ համար շատ կարևոր է, պետք է հիշենք, որ Ս․ Թադեոսն ու Ս․ Բարդուղիմեոսը Քրիստոսի առաջին դեսպաններն էին, հայոց աշխարհ եկան առաջին դարում, նշում է Արաբկիր համայնքի Սուրբ Խաչ եկեղեցու քահանա Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը․

«Մենք պետք է խնդրենք, որ առաքյալները բարեխոս լինեն մեր ազգի համար, օգնեն մեզ, որ միշտ մնանք Քրիստոսին հավատարիմ, որովհետև առանց Աստծո ոչինչ չենք կարող անել»:

Առաջին լուսավորիչները դարձան Հայ Եկեղեցու հիմնադիրները։ Այդ պատճառով մեր եկեղեցին կոչվում է առաքելական։

Հայոց աշխարհի առաջին լուսավորիչը

Տիրոջ տասներկու աշակերտները ստացան պատգամ ու տարածեցին  Ավետարանի լույսը:

«Գնացե՛ք այսուհետև, աշակե՛րտ դարձրեք բոլոր հեթանոսներին, մկրտե՛ք նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով։ Սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ պատվիրեցի ձեզ։ Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին, մինչև աշխարհի վախճանը»: (Մատթ. 28;19-20)

Երկու առաքյալները Հայաստանում քարոզել են իրարից անկախ, բայց հանդիպել են։ Նույն վայրում` բլուրի վրա, կանգնեցրել են Սուրբ Խաչի նշանը, որի հովանու ներքո օթևանել են։ Այնուհետև խաչը կոչվեց Օթյաց խաչ: Այդ վայրը այսօր կարելի է տեսնել Արտաշատ քաղաքում։

Հայոց աշխարհում նախ տեղեկանում ենք Թադեոսի քարոզչության մասին։ Սուրբ Գրքում նա հիշատակվում է նաև որպես Ղեբեոս, Հակոբի որդի Հուդա: Առաքյալը նախ քարոզել է ասորական Միջագետքում, Եդեսիայում:

«Ըստ ավանդության՝ նա մինչև Հայաստան հասնելը, բժշկում է Աբգար թագավորին, որը նամակ էր գրել Քրիստոսին, որ գա Եդեսիա և իրեն բժշկի»,- նշում է քահանան:

Առաքյալը Հայաստանում ևս շրջել է տարբեր վայրերում, իր քարոզչության շնորհիվ շատերը դարձի են եկել։ Նրանց թվում էր Սանատրուկ արքայի դուստր Սանդուխտը, սակայն զուր էին թագավորին դարձի բերելու փորձերը, չէր ուզում հրաժարվել կռապաշտությունից․

«Շատ էր սիրում իր աղջկան, նրան հորդորում էր ետ կանգնել քրիստոնեությունից, բայց դստեր սրտում արդեն թագավորում էր Քրիստոսը»,-նշում է Տեր Բաբկենը

Ըստ ավանդության՝ Սանատրուկը հրամայել էր սպանել բոլոր քրիստոնյաներին: Առաքյալին նախ նետել էին առյուծների վանդակը, բայց կենդանիները լիզել էին նրա ոտքերը: Արքան հրամայել է այրել առաքյալին, բայց երկնքից անձրև է տեղացել՝ մարելով կրակը։ Դահիճը, երբ փորձել է սպանել Թադեոսին, վիրավորել է եղբորը։

Ի վերջո Սանատրուկ արքայի հրամանով սպանվում են Թադեոսը և Սանդուխտ կույսը: Վերջինս դառնում է հայ առաջին կին մարտիրոսը։ Թադեոսի նահատակության վայրում՝ պատմական Արտազ գավառում (այժմյան Պարսկաստանի տարածքում), կանգուն է առաքյալի գերեզմանի վրա կառուցված Սուրբ Թադե վանքը:

Նախադավան առաքյալը

Ս. Թադեոս առաքյալի քարոզչության ժամանակ հայոց աշխարհ է եկել Ս. Բարդուղիմեոսը: Ըստ քահանայի՝ նա նաև հիշատակվում է՝ որպես Նաթանայել, նրան անվանում են նախադավան առաքյալ, որովհետև առաջինն էր, որ Քրիստոսին ասաց. «Դու ես Աստծո Որդին» (Հովհաննես 1; 49):

Բարդուղեմեոս առաքյալը քարոզել է Գողթն գավառում, անցել Հեր և Զարևանդ գավառներ, Հայաստանի մյուս շրջաններ: Իր շնորհիվ քրիստոնեություն են ընդունել արքայի քույրը՝ Իշխանուհին (Ոգուհին), Տերենտիոս հազարապետը:

Առաքյալը նահատակվել է Սանատրուկ թագավորի կարգադրությամբ՝ Արևբանոս (Ուրբանոս) քաղաքում:

Կա ավանդություն, որ արքան բանտարկել է առաքյալին ու հրամայել նրան ենթարկել չարչարանքների: Ս. Բարդուղիմեոսը ձեռքերը վեր է բարձրացրել դեպի երկինք ու աղոթել.

«Տե՛ր Աստված, մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայր, օգնիր հոգ տանեմ այս երկրի համար, որ ոտնահար չլինի թշնամուց: Սրանց տուր ողորմության շնորհ, որպեսզի դառնան սնոտի կուռքերի երկրպագությունից, որ զուր և անտեղի մոլորվել են անհավատության տգիտությունից: Սրանց տուր հովիվ և առաջնորդ, որ քեզ ճանաչեն միակ ճշմարիտ Աստված և՝ որ առաքեցիր Հիսուս Քրիստոսին: Ինձ ևս ընդունիր, Տեր իմ, և Քեզ հավատացողներիս պահիր»:

Առաքյալի խոսքից հետո հողը շարժվել է, և լուսեղեն կամար է իջել սրբի վրա: Նա նայել է վերև՝ երկինք, ավանդել հոգին։

Նվիրական սրբություններ

Երկու լուսավորիչները Հայաստան են հասցրել նվիրական սրբություններ: Ս. Թադեոսը բերել է Սուրբ Գեղարդը, որով խոցեցին Հիսուսի կողը։

«Նա բերեց նաև մի բաժին այն յուղից, որ Հիսուս փոխանցել էր առաքյալներին: Բարդուղիմեոսն իր հետ բերել է Տիրամոր պատկերը»,-ընդգծում է քահանան։

Առաքյալների հիշատակության օրը Ամենայն Հայոց Հայրապետի կողմից հռչակվել է Ս․Գեղարդի ուխտի օր։ Այդ օրը Սուրբ Էջմիածնում դուրս է բերվում Սուրբ Գեղարդը հավատացյալների երկրպագության համար:

  • Կիսվել: