շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Հուսով ենք՝ առկա խնդիրներն ու տարաձայնությունները հաջողությամբ կլուծվեն բաց երկխոսության միջոցով. Մհեր Գրիգորյան

Հուսով ենք՝ առկա խնդիրներն ու տարաձայնությունները հաջողությամբ կլուծվեն բաց երկխոսության միջոցով. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ռուսաստանի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել շնորհավորական ուղերձով, որում մասնավորապես նշել է.

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հարգելի՛ նախագահ,
 

Ձերդ գերազանցություն, պարոն դեսպան,

Սիրելի՛ բարեկամներ, հարգելի՛ գործընկերներ, տիկնա՛յք և պարոնա՛յք,

Հայաստանի Հանրապետության կառավարության անունից և անձամբ իմ կողմից ընդունեք մեր անկեղծ շնորհավորանքները Ռուսաստանի օրվա կապակցությամբ։

Այս տոնը պետականության, ազգային միասնության և ժամանակակից Ռուսաստանի վստահ զարգացման խորհրդանիշն է։ Ռուսաստանի Դաշնությունը կարևոր տեղ է զբաղեցնում համաշխարհային քաղաքականության, տնտեսության և մշակույթի մեջ, իսկ նրա ձեռքբերումները վկայում են բազմազգ ժողովրդի ստեղծարար աշխատանքի և տաղանդի մասին։

Հայաստանին և Ռուսաստանին կապում են դարավոր պատմական հարաբերություններ, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի, ամուր բարեկամության և մեր ժողովուրդների միջև սերտ հումանիտար կապերի վրա։Մենք բարձր ենք գնահատում մեր համագործակցության պատմությունը և համոզված ենք, որ երկկողմ փոխգործակցության հետագա զարգացումը բխում է երկու երկրների շահերից և նպաստում է տարածաշրջանում կայունության և բարեկեցության ամրապնդմանը։ Մեր համագործակցության կուտակված փորձը երկարաժամկետ, հիմնարար և արժեքավոր ակտիվ է, որն անհրաժեշտ է պահպանել միջազգային հարաբերությունների յուրաքանչյուր կոնֆիգուրացիայի դեպքում:

Այս նշանակալի օրը մաղթում ենք Ռուսաստանի Դաշնությանը խաղաղություն, բարգավաճում և հաջողություններ զարգացման ճանապարհին, իսկ Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին՝ երջանկություն, բարօրություն և վստահություն վաղվա օրվա հանդեպ։

Հույս ենք հայտնում, որ առկա հարցերն ու տարաձայնությունները կհաղթահարվեն բաց երկխոսության շնորհիվ, իսկ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունները հետագայում ևս կզարգանան փոխըմբռնման, փոխադարձ հարգանքի և բարիդրացիության ոգով՝ ի բարօրություն մեր պետությունների և ժողովուրդների։

Շնորհավոր Ռուսաստանի օրվա կապակցությամբ։
Շնորհակալություն ուշադրության համար»:

  • Կիսվել: