Հավաքվածները ծափողջույններով դիմավորեցին գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին
3-րդ կորպուսի նախկին գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովն այսօր ևս միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ շարժվող երթին։
Հավաքվածները ծափողջույններով դիմավորեցին գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին։
«Ժողովուրդ ջան, հենց հիմա մեր կողքին է մեր սիրելի հրամանատար, վերջին շրջանի միակ հաղթանակած գեներալ Գրիգորի Խաչատուրովը»,-ասաց Սրբազանը։
Խաչատուրովն ասաց, որ Սրբազանի ուղերձով է միացել շարժմանը։
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի պահանջ ներկայացրեց ժողովրդի անունից։ Բագրատ Սրբազանը մասնավորապես, հայտարարեց. «Վաղվանից առավոտ ժամը 10-ին բոլոր հնարավոր վայրերում խաղաղ անհնազանդության գործողություններ ենք անցկացնելու: Դիմում եմ բոլոր ուսանողությանը, բուհերին, այն գործարարներին, որոնց համար փողը գերագույն արժեք չէ և մնացած ուսումնական հաստատություններին՝ դասադուլ անելու։
Այսօր ևս Հանրապետության հրապարակում 18։30-ին հանրահավաք է նախատեսված։