հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Գրիգորի Խաչատուրովի դեմ որևէ մեկը ցուցմունք չի տվել, ոչ մի առերեսում չի կատարվել. Փաստաբան

Գրիգորի Խաչատուրովի դեմ որևէ մեկը ցուցմունք չի տվել, ոչ մի առերեսում չի կատարվել. Փաստաբան

Մայիսի 15-ին կլինի երկու ամիս, ինչ Գրիօգորի Խաչատուրովն արգելանքի տակ է՝ աբսուրդ հիմքերով։ Այս մասին այսօր մամուլի սուլիսի ժամանակ նշեց փաստաբան Հակոբ Ենոքյանը:

Նրա խոսքով, վերաքննիչ դատարանը փորձել էր հիմնավորումներ ներկայացնել, թե ինչու պետք է կալանք կիրառվի Խաչատուրովի նկատմամբ. «Այնտեղ որպես հիմք նշված էր վարույթի մասնակիցների նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելը, նաեւ ինչ-որ փաստաթղթեր կեղծելու հավանականությունը: Այս ընթացքում որեւէ տեղեկություն, ապացույց, նոր փաստական տվյալ , որը կարող էր վկայել, որ դրանք պետք է իրականացվեին  եւ դրանց վրա կարող էր ներգործել Գրիգորի Խաչատուրովը, չի ստացվել:

Ոչ մի առերեսում չեն արել այս ընթացքում Խաչատուրովի հետ, ոչ էլ նախատեսված է եղել։ Խաչատուրովի դեմ որևէ մեկը ցուցմունք չի տվել, ոչ ոք Խաչատուրովի մեղադրանքի էության վերաբերյալ, այսինքն նրան այդ մեղադրանքում մեղսագրող տեղեկություն չի հայտնել»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ ամեն կերպ փորձում են իրավական գործընթացի նշույլ գտնել այս գործում, բայց չի ստացվում, քանի որ արդյունքում հանդիպում են պատերի, որոնք  հաղթահարելն իրավական տեսանկյունից հնարավոր չէ։

Պաշտպաններից Միհրան Պողոսյանն էլ հավելեց, որ չկա  անձ, որն ասում է, որ Խաչատուրովը որևէ հանցանք է կատարել. «Դա ընդունում է նաև  վարույթ իրականացնող մարմինը, քանի որ որևէ առերեսում չի կատարել, որը պարտադիր է նոր Քրեական դատավարության օրենսգրքով»։

Հակոբ Ենոքյանն ասաց, որ վարույթ իրականացնող մարմնի տեսանկունից ենթադրվում է, որ այդ գույքը ձեռք բերելն արդեն փողերի լվացում է, վերջ, ինչն աբսուրդ է։

Փաստաբաններն ասացին, որ իրենք պնդում են՝ Գրիգորի Խաչատուրովի վերաբերելի քրեական գործը պետք է քննվի դռնբաց դատական նիստերում, հակառակ պարագայում անօրինականություն է դատարանն անում։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ, փետրվարի 21-ին մերժել էր Գրիգորի Խաչատուրովի կալանավորման միջնորդությունը: Դատախազությունը բողոքարկել է դատական ակտը՝ պահանջելով կալանավորել Խաչատուրովին։ Նա կալանավորվել է մարտի 16-ին։

Ըստ իրավապահների՝ փողերի լվացման մեջ մեղադրվող Խաչատուրովը, 2006-ից 2010 թվականներին զբաղեցնելով զորամասի հրամանատարի պաշտոնը, հանցավոր ճանապարհով ձեռք է բերել անշարժ գույք, ապա օրինականացրել այն։ Խոսքը Արարատի մարզի Արմաշ գյուղում տեղակայված զորամասի տարածքի մասին է: Գեներալի մեղադրանքն առնչվում է Պաշտպանության նախկին նախարար, Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գործին: Ըստ քրեական գործի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ Սեյրան Օհանյանը Արարատի մարզում գտնվող նշված երկու զորամասերի տարածքները, որոնք հանդիսացել են պաշտպանության նախարարության սեփականությունը, օտարել եւ անհամեմատ էժան գնով վաճառել է։ Ազգային ժողովում գլխավոր դատախազը հայտարարել էր, որ Գրիգորի Խաչատուրովը հանդիսանալով մեկ այլ զորամասի հրամանատար,  դրանցից մեկը գրավադրել է բանկում եւ գումար ստացել։

  • Կիսվել: