շաբաթ, նոյեմբեր 14
14 / 11 / 2026
Առանձնակի կարևորում ենք միջազգային գիտակրթական գործընկերության զարգացումը, փորձի փոխանակումը․ Ժաննա Անդրեասյան

Առանձնակի կարևորում ենք միջազգային գիտակրթական գործընկերության զարգացումը, փորձի փոխանակումը․ Ժաննա Անդրեասյան

Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովի հետ։

ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել Ռուսաստան-Հայաստան գիտակրթական երկրորդ համաժողովին մասնակցելու հրավերի համար՝ ընդգծելով, որ միջոցառումը ներառվել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի օրակարգում։

Կողմերն անդրադարձել են Ռուս-հայկական համալսարանի դերին՝ որպես միջպետական կարևոր կրթական և գիտական հաստատության։

Հանդիպման շրջանակում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգը։ Նշվել է, որ բուհի կանոնադրությունը ստորագրվել էր 2026 թվականի մարտին՝ նախարարների տեղակալների կողմից։

Որպես համագործակցության ուղղություններ՝ պաշտոնյաները քննարկել են ռուսական և հայկական գիտական կազմակերպությունների ու համալսարանների մասնակցությունը ՌՀՀ բազայի վրա իրականացվող համատեղ հետազոտական և կրթական նախագծերին։

Անդրադարձ է եղել նաև Ռուս-հայկական համալսարանի գիտահետազոտական ստորաբաժանումը Հայաստանում ձևավորվող Ակադեմիական քաղաքի ենթակառուցվածքին ինտեգրելու հնարավորությանը։

Նշվել է, որ 2027 թվականին լրանում է Ռուս-հայկական համալսարանի հիմնադրման 30-ամյակը, որի շրջանակում կիրականացվեն հոբելյանական միջոցառումներ՝ երկու երկրների ղեկավարության, կրթական և գիտական համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ։

ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովի հետ երկկողմ հանդիպումից հետո ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Ռուսաստան-Հայաստան կրթական երկրորդ համաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով։

Ընդգծելով, որ տեխնոլոգիական արագ փոփոխությունների և աշխատաշուկայի վերափոխման պայմաններում կրթական համակարգերի առջև ծառացած խնդիրները շատ առումներով ընդհանուր են՝ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է այս ուղղությամբ ՀՀ պետական քաղաքականության առաջնահերթությունները։

«Հայաստանի Հանրապետությունում կրթության և գիտության զարգացումը դիտարկվում է որպես երկրի կայուն զարգացման և մարդկային ներուժի ամրապնդման կարևորագույն նախապայման։ Առաջնահերթությունների շարքում են կրթության որակի և հասանելիության բարձրացումը, կրթական մոտեցումների արդիականացումը, հետազոտական ենթակառուցվածքների զարգացումը, գիտական կադրերին աջակցությունը, ինչպես նաև գիտության կապի ամրապնդումը նորարարությունների և տնտեսության հետ»,- նշել է նախարարը՝ որպես կարևոր բարեփոխումներ հիշատակելով վերջին երկու տարիներին ընդունված «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» և «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքները, որոնք ձևավորում են զարգացման նոր հիմքեր։

Նախարարը շեշտել է, որ առանձնակի կարևորվում են միջազգային գիտակրթական գործընկերության զարգացումը, փորձի փոխանակումը, համատեղ հետազոտությունները և մասնագիտական կապերի ընդլայնումը, համատեղ հետազոտական նախագծերը, երիտասարդ գիտնականներին աջակցությունը։

«Հայաստանի համար կարևոր է, որ կրթության և գիտության ոլորտներում միջազգային համագործակցությունը նպաստի մարդկային կապիտալի զարգացմանը, հետազոտական ներուժի ամրապնդմանը և երիտասարդ սերնդի համար նոր հնարավորությունների ստեղծմանը։ Մենք շահագրգռված ենք ռուսաստանցի գործընկերների հետ մասնագիտական կապերի հետագա ընդլայնմամբ, համատեղ կրթական ծրագրերի, գիտական նախագծերի և ակադեմիական փոխանակումների զարգացմամբ»,- ասել է նախարարը՝ ընդգծելով թվային տնտեսության համար կադրերի պատրաստման և արհեստական բանականության զարգացման ուղղությամբ համագործակցությունը։

Նա նաև շեշտել է կրթության հումանիտար առաքելությունը՝ նշելով, որ առանձնահատուկ նշանակություն ունի լեզվի և մշակույթի ոլորտներում համագործակցությունը՝ որպես երկկողմ փոխըմբռնման ամուր հիմք։

  • Կիսվել: