Ռեստորանային բիզնեսի դեմ առաջին հայցերը բավարարվել են. Լեպսի ընկերությունը վնասներ է կրում
Մոսկվայի և Մերձմոսկովյան շրջանի դատարանները բավարարել են աշնանը «Լոֆթ Գրուպ» ռեստորանային ընկերության դեմ ներկայացված վեց հայցերից երկուսը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով դատական նյութերին։
«Լոֆթ Գրուպ» ընկերության 80%-ը պատկանում է երգիչ Գրիգորի Լեպսին։
Դատարանի որոշման համաձայն՝ ընկերությունը պետք է գրեթե 123 հազար ռուբլի վճարի Մերձմոսկովյան շրջանում գրանցված «Ռիթեյլ Լոգիստիկ» ՍՊԸ-ին, որը զբաղվում է խմիչքների մեծածախ առևտրով, և մոտ 262 հազար ռուբլի՝ սննդամթերքի մեծածախ մատակարարումներում մասնագիտացած անհատ ձեռնարկատեր Դմիտրի Կլիմովիցկուն։
Ավելի քան 600 հազար ռուբլի ընդհանուր գումարի ևս երեք հայց գտնվում է քննության փուլում։ 2648 ռուբլու բռնագանձման պահանջով վեցերորդ հայցադիմումը դեռ վարույթ չի ընդունվել։
«ԲԻՐ-Անալիտիկ» ծառայության տվյալներով՝ 2025 թվականի արդյունքներով «Լոֆթ Գրուպ» ընկերության զուտ վնասը կազմել է գրեթե 234 միլիոն ռուբլի։



