կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հաշվեքննության փաստաթղթերում չեն արձանագրվել չարաշահումների մասին տվյալներ. Գևորգ Պապոյան

Հաշվեքննության փաստաթղթերում չեն արձանագրվել չարաշահումների մասին տվյալներ. Գևորգ Պապոյան

Մարտի 15-ին ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային ու Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել էր ՀՀ առողջապահության նախարարությունում 2021 թ. պետական բյուջեի ինն ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ՀՀ հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանն իր խոսքում նշել էր, որ հաշվեքննության արդյունքների վերաբերյալ Պետական առողջապահական գործակալության ներկայացրած անհամաձայնություններն ու պարզաբանումները, տեխնիկական պատճառներով, ժամանակին ՀՊ-ին չեն հասել:

Քանի որ Հաշվեքննիչ պալատը ծանոթ չէր նախարարության դիրքորոշմանը, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանն առաջարկել էր նիստը հետաձգել, ժամանակ տրամադրել երկու գերատեսչություններին՝ քննարկելու արձանագրված անհամապատասխանությունները և դրանց վերաբերյալ երկուստեք մոտեցումները:

Մարտի 25-ին նույն մշտական հանձնաժողովների հրավիրած համատեղ նիստում Գևորգ Պապոյանի և Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ շարունակվել է ՀՀ առողջապահության նախարարությունում 2021 թ. պետական բյուջեի ինն ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ՀՀ հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացության քննարկումը:

Ըստ ՀՊ-ի զեկույցի` հաշվետու ժամանակահատվածում Առողջապահության նախարարությունն իրականացրել է 15 բյուջետային ծրագրեր, որոնք կյանքի կոչելու համար նախատեսվել է շուրջ 109 միլիարդ դրամ, փաստացի վճարումը կազմել է 95 միլիարդ դրամ:

Հաշվեքննության է ենթարկվել 6 բյուջետային ծրագրի 8 միջոցառում: Հաշվեքննության ծածկույթը կազմել է շուրջ 56,4 միլիարդ դրամ:

Բժշկական ծառայությունների կատարողականների դիմաց արձանագրվել են ինչպես ավելի, այնպես էլ` պակաս վճարման դեպքեր:

Այս խնդրի առնչությամբ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ հաշվեքննությունը վերաբերել է ինն ամիսների կատարողականներին, տարեկան ամփոփման պարագայում այդ խնդրի հետ կապված մտահոգություններից շատերը կփարատվեին:

Առողջապահության նախարարը նաև նշել է, որ աշխատանքների կատարման ամսական համամասնությունը որոշվում է` տարեկան գումարը բաժանելով 12 ամիսների վրա:

Անահիտ Ավանեսյանը փաստել է, որ բժշկական կենտրոնների ֆինանսավորումն իրականացվել է նախատեսված ծրագրերով:

Բանախոսը պատասխանել է պատգամավորների բազմաթիվ հարցերին, որոնք առնչվել են աշխատավարձերի ժամանակին վճարմանը, համավարակին, պատվաստումներին, պարգևավճարներին և այլն:

ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ առողջապահության բնագավառի վերաբերյալ բոլոր տվյալները պետք է ներառվեն «Արմեդ» համակարգում, որպեսզի հաշվեքննողները հնարավորություն ունենան համեմատել դրանք:

Անահիտ Ավանեսյանը համաձայնել է ՀՊ նախագահի հետ` նշելով, որ «Արմեդ» համակարգում պետք է ունենալ տեղեկատվական տվյալների ամբողջություն:

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը նշել է, որ հաշվեքննության փաստաթղթերում չեն արձանագրվել չարաշահումների մասին տվյալներ:

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն անդրադարձել է պոլիկլինիկաների ֆինանսավորման խնդրին, կարևոր է համարել բժշկական կազմի աշխատավարձի ժամանակին վճարումը:

  • Կիսվել: