«Հանենք մարդկանց տներից ու քանդե՞նք շենքը. դրան էլ կհասնենք». Ավինյանը՝ շեղումներով կառուցված նոր շենքերը քանդելու մասին
Եթե վիճակագրությունը նայենք, կառուցապատման տրված թույլտվությունների չափը եւ տրված ավարտական ակտերի չափը համեմատելի չեն. ավարտական ակտերի քանակն էականորեն նվազ է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 24-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով հարցին, թե եղել է դեպք, որ կառուցապատողը բազմաթիվ թերությունների պատճառով չի ստացել ավարտական ակտ եւ շենքը քանդվել է:
«Սա մի քանի բանի մասին է խոսում. Շատ դեպքերում շինթույլտվությունն ստանում էին, բայց շինարարություն չէին անում: Շատ դեպքերում նախագծից շեղվում են եւ չեն կարողանում ստանալ ավարտական ակտ: Այստեղ գալիս է հետեւյալ ընտրությունը: Շատ դեպքերում բնակիչները արդեն բնակվում են, հանե՞նք մարդկանց էդ տներից ու քանդենք շենքը: Միգուցե ինչժ-որ փուլում դրան էլ կհասնենք: Բայց դեռ հաշվի առնելով մեր այդ մշակութային անոմալիան… Մեզ մոտ նորմալ է, որ ես կարող եմ մեր բակում ունենալ ցանկապատած տարածք, որը կամաց-կամաց ինքնակամ կդարձնեմ, ինձնով կանեմ: Մենք գնում ենք այդ ճանապարհով, որ հաղթահարենք այդ մշակույթը»,-ասաց Ավինյանը: