կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Հանցավոր գործունեությամբ զբաղվողը Հայաստանում բարեկեցություն վաստակելու շանս պետք է չունենա. Փաշինյան

Հանցավոր գործունեությամբ զբաղվողը Հայաստանում բարեկեցություն վաստակելու շանս պետք է չունենա. Փաշինյան

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ  այսօր ընդունած որոշման նախագծերից մեկին, համաձայն որի, ընտանեկան և սոցիալական նպաստների համակարգում ընդգրկված 1000 ընտանիք կդառնա նպաստառուների համար կայուն եկամտի ստեղծմանն ուղղված համակարգ շահառու:

Վարչապետը  նշեց, որ կառավարությունը այդ 1000 ընտանիքին փողը տալիս է, անասունը, կերը տալիս է, խորհրդատվությունը տալիս է և մարդկանց ասում են, որ դրանով հնարավորություն են ստեղծում, որպեսզի նրանք աշխատեն ու իրենց  աշխատանքով հաղթահարեն իրենց աղքատությունը: 

«Սա աղքատության հաղթահարման մեր քաղաքականությունն է: Մենք հստակ ուղերձ ենք հղում հանրությանը, որ աղքատությունը հաղթահարելու այլ տարբերակ, քան աշխատանքն է, ուղղակի գոյություն չունի։ Իհարկե ռազմավարական առումով մենք պետք է աղքատության հաղթահարման առաջնային գործիք համարենք կրթությունը, քանի որ կրթությունն է, որ  աշխատանքի շուկայում մարդուն տալիս է մրցունակություն: Սակայն մենք պետք է հստակ արձանագրենք, որ դիպլոմը դեռևս կրթություն չէ»,- նշեց նա։

Նրա խոսքով՝   այս հարցի լուծումը պետք է լինի ԿԳՄՍՆ-ի գործունեության առաջնահերթությունը: «Պարզ է, որ այս հարցի լուծումն առաջացնելու է դիմադրության բազմաթիվ դեպքեր, քանի որ սա հարվածում է բազմաթիվ դիպլոմ ունեցող ու դիպլոմ տվող մարդկանց գործունեությանը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։  

Վարչապետը միաժամանակ նշեց, որ մարդուն կարելի է հաց տալ մեկ օր, երկու օր, մի շաբաթ, մի տարի, հինգ տարի, տասը տարի, բայց հետո ի՞նչ է լինելու: Ուստի, ըստ նրա,  պետք է քաղաքացուն պատրաստել, որ սեփական բարեկեցությունը հաստատելու միակ տարբերակը աշխատանքն է։ «Ընդ որում, ուզում եմ հստակ ընդգծել՝ ազնիվ աշխատանքը, որովհետև հանցավոր գործունեությամբ զբաղվող որևէ մեկը Հայաստանում բարեկեցություն վաստակելու շանս պետք է չունենա»,-  նշեց Նիկոլ Փաշինյանը։

  • Կիսվել: