շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Հալեպի Ս. Աստվածածին եկեղեցում հատուկ  կերպով հոգեհանգստյան պաշտոն է մատուցվել հայ-ադրբեջանական սահմանագոտում զոհվածների հոգիների խաղաղության համար

Հալեպի Ս. Աստվածածին եկեղեցում հատուկ կերպով հոգեհանգստյան պաշտոն է մատուցվել հայ-ադրբեջանական սահմանագոտում զոհվածների հոգիների խաղաղության համար

Կիրակի օրը` հուլիսի 19-ին,  Հալեպի Ս. Աստվածածին եկեղեցում Հիսուս Քրիստոսի Այլակերպության տաղավար տոնի առիթով  եպիսկոպոսական Պատարագին Բերյո Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ Գերշ. Տ. Մասիս Սրբ. Եպս. Զօպուեանը հատուկ  կերպով հոգեհանգստյան պաշտոն է մատուցել  ՀՀ հյուսիսարևելյան սահմանին` հայ-ադրբեջանական սահմանագոտում  վերջին օրերի մարտական գործողությունների ժամանակ նահատակված`ՀՀ ԶՈւ մայոր Գարուշ Համբարձումյանի,  ՀՀ ԶՈւ կապիտան Սոս Էլբակյանի, ՀՀ զինված ուժերի կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանի և  Գրիշա Մաթևոսյանի հոգիների խաղաղության համար:

Հոգեհանգստյան արարողությանը ներկա են եղել  Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը,  Հալեպում ՀՀ մարդասիրական խմբի ներկայացուցիչներ, Ազգային Կենտրոնական վարչության անդամներ, Բերյո Հայոց Թեմի Ազգային Երեսփոխանական Ժողովի, Ազգային Վարչության, Կրոնական Ժողովի և Ազգային Մարմինների ներկայացուցիչներ:

Հոգեհանգստյան խորհրդավոր շարականներ և աղոթքներ են բարձրացել առ Աստուած, ապա Առաջնորդ Սրբազան Հայրը «Հոգւոցն Հանգուցելոցն» աղոթքն է մատուցել նահատակ  զինվորների հոգիների խաղաղության համար` մաղթելով, որ ապահովությունը և խաղաղությունը վերահաստատվի Հայաստանի ու Արցախի սահմաններին:

  • Կիսվել: