Հակասանիտարական վիճակ ու խոլերայի վտանգ՝ Երևանում․ Խորենացի փողոցին հարակից տների բազմաթիվ բնակիչներ ելումուտ են անում կեղտաջրերի միջով
Արդեն 2 ամսից ավելի է՝ Մովսես Խորենացի փողոցի 4-րդ նրբանցքի մեծ թվով բնակիչներ հայտնվել են հակասանիտարական ու առողջության համար իրական վտանգ ներկայացնող իրավիճակում, գրում է shamshyan.com-ը:
Այդ ամենը կապված է նրա հետ, որ բնակիչների ոտքի միակ ճանապարհը, որով իրենք գնում-գալիս են, ողողված է կեղտաջրերով, որի մեղավորը, ըստ իրենց, հարևաններից մեկն է, ով 2 ամիս առաջ նոր ցնցուղարան և զուգարան է կառուցել, որի կոյուղին ոչ միայն միացրել է այդ դիտահորին, որից կեղտաջրերը դուրս են թափվում, այլ փոխել է դիտահորի տեղը, որպեսզի իրեն ավելի հարմար լինի։
Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, տարածքի բնակիչները, ովքեր վերադառնում էին Էրեբունու թաղապետի հետ հանդիպումից, ասացին․
«Այս ընթացքում դիմել ենք բոլոր պատկան մարմիններին՝ «Վեոլիա ջրին», Երևանի քաղաքապետարանին, Էրեբունու թաղապետարանին, ՀՀ վարչապետի աշխատակազմին, որը հետո մեր դիմումը հասցեագրել է «Ջրային կոմիտե», ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, բայց խնդիրը դեռ առկա է, քանի որ մեկը մյուսի վրա է գցում։ Այսօր էլ հանդիպեցինք Էրեբունու թաղապետ Հակոբ Բալայանին, նկարներով ներկայացրեցինք պատկերը, բայց նա ասաց, որ միակ լուծումը իրենցից մարդ ուղարկեն և նրա ներկայությամբ մենք կտրենք այդ բնակչի կոյուղագիծը, որը ևս հարցի լուծում չէ, քանի որ նաև դիտահորն է խցանված։ Այդ բնակիչը մեր հարևանն է, որը այստեղ չի ապրում, բայց ապօրինի կերպով կոյուղագիծ է անցկացրել, դիտահորը բարձրացրել, որից հետո էլ սկսվել է այս կեղտաջրերի առատ հոսքը։ Սրանից բացի մենք ունենք ևս մեկ խնդիր. այստեղ առաջանում է «մինի» աղբանոց՝ մայթի փոխարեն։ Բնակիչներս ստիպված ենք ճանապարհի երթևեկելի մասով քայլել, մի՞թե սա պատկան մարմիններին չի հետաքրքրում։ Էրեբունու թաղապետը այստեղով անցնելիս չի՞ նկատել այս տրակտորը, որը տարիներ շարունակ գրավել է մայթը և շուրջբոլորը առաջացել է աղբավայր։ Երբ եղանակները ցրտում են, այստեղով քայլել չի լինում, սահում ենք և չի բացառվում, որ կսայթաքենք այս կեղտաջրերի մեջ և մարմնական վնասվածք կստանանք։ Մեր երեխաները այստեղով են դպրոց, մանկապարտեզ գնում, քիչ էր մայթ չկար, հիմա էլ աստիճանները հայտնվեցին այս գարշահոտ ու վտանգավոր վիճակում։ Վերջապես կգտնվի՞ այն սրտացավ պաշտոնյան, ով սա իր խնդիրը կհամարի, կգա ու կլուծի այն»։