երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հաբ-Նիսանի առթիվ ՀՀ ՄԻՊ-ն այցելել է Հայաստանում ասորական ամենախոշոր համայնք՝ Վերին Դվին

Հաբ-Նիսանի առթիվ ՀՀ ՄԻՊ-ն այցելել է Հայաստանում ասորական ամենախոշոր համայնք՝ Վերին Դվին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 1-ին ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի առթիվ այցելել է Հայաստանում ասորական ամենախոշոր՝ Արարատի մարզի Վերին Դվին համայնք։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ օմբուդսմենի Ֆեյսբուքի էջից:
 
Պաշտպանին դիմավորել են Վերին Դվին համայնքի ղեկավար Լյուդմիլա Պետրովան և Արևելքի Ասորական Ընդհանրական Սուրբ Առաքելական ակեղեցու հոգևոր հայր Տեր Նիկադիմ Յուխանաևը:
 
Վերջիններս Պաշտպանին ներկայացրել են Հայաստանում բնակվող ասորիների խնդիրները, ազգային փոքրամասնությունների ինքնության տարրերի պահպանմանը վերաբերելի առանձին հարցեր։
 
Անահիտ Մանասյանը նշել է, որ որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ կարևորում է ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց ինքնության պահպանման, իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքների երաշխավորումը։
 
«Առաջնահերթ եմ համարում բոլորիս ջանքերի մեկտեղումը՝ մեր երկրում ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման և արդյունավետ պաշտպանության հարցում»,- ասել է Անահիտ Մանասյանը:
 
Պաշտպանը հատուկ ընդգծել է, որ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքներին վերաբերելի տարբեր խնդիրները և դրանց հաղթահարման առնչությամբ Պաշտպանի առաջարկներն ամփոփվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդման շրջանակում։
 
Այցի ընթացքում Անահիտ Մանասյանը հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով վերջիններիս հուշակոթողին։
 
Պաշտպանն այցելել է նաև Հայաստանի Արևելքի Ասորական Կաթողիկոսության Աուրբ Առաքելական եկեղեցի: Տեր Նիկադիմ Յուխանաևը Պաշտպանին ներկայացրել է եկեղեցու պատմությունը, կրոնական առանձնահատկությունները:
 
Վերին Դվին կատարած այցի շրջանակներում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտների և ուսուցչական անձնակազմի հետ: Հանդիպման ընթացքում Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի հաստատության աշխատանքի ուղղությունները, անդրադարձել երեխաների, վերջիններիս կրթության իրավունքին, խտրականության, անհանդուրժողականության, բուլինգի դեմ պայքարին:
 
«Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ առանց հանդուրժող և համերաշխ միջավայրի։ Իսկ հանդուրժող և համերաշխ միջավայրը պարզապես հռչակագրային գաղափար չէ, վերջինիս ձևավորմանը յուրաքանչյուրս պետք է նպաստի իր ամենօրյա վարքագծով։ Մենք պետք է լինենք արժեքների տարածման առաջամարտիկ, այլ ոչ հակաարժեքների հետևորդ»,- նշել է Պաշտպանը:
 
Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների հետ կապված՝ պետությունը, ի թիվս այլնի, ունի պոզիտիվ պարտավորություն՝ երաշխավորելու և նպաստելու նրանց մշակույթի, կրոնի, լեզվի, ավանդույթների պահպանմանը, և այս առումով չափազանց կարևոր է նաև ազգային փոքրամասնությունների համայնքների ակտիվ ներգրավվածությունը:
 
Այցի վերջում Պաշտպանն ու հանդիպման մասնակիցները երկուստեք շնորհակալություն են հայտնել հետաքրքիր և բովանդակալից քննարկման համար:

  • Կիսվել: