ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Գյումրիում հայտնաբերվել է ժամկետանց գազավորված ըմպելիք. ՍԱՏՄ

Գյումրիում հայտնաբերվել է ժամկետանց գազավորված ըմպելիք. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները Գյումրի քաղաքի մանրածախ և մեծածախ առևտրի օբյեկտներում, ինչպես նաև հանրային սննդի կազմակերպություններում իրականացրած մշտադիտարկման ընթացքում դրանցից շատերում հայտնաբերել են «Կոկա-կոլա» ՓԲԸ-ի և «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոտլեր» ՍՊԸ-ի կողմից արտադրված ժամկետանց գազավորված ըմպելիք՝ Կոկա-կոլա և Պեպսի-կոլա: Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։

«Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կողմից կազմվել են արձանագրություններ և ժամկետանց արտադրանքը հանվել է վաճառքից:

Տնտեսվարողները ներկայացրել են պարտավորագրեր այն մասին, որ գազավորված ըմպելիքը մատակարարից ստացել են մեկ շաբաթ առաջ, և պարտավորվում են ժամկետանց ողջ խմբաքանակը վերադարձնել մատակարարին:

ՍԱՏՄ բոլոր տարածքային ստորաբաժանումներին հանձնարարվել է սննդի շղթայի կազմակերպություններում ստուգել  տվյալ ապրանքանիշների, ինչպես նաև այլ սննդամթերքի հնարավոր ժամկետանց խմբաքանակի առկայությունը:

Սպառողներին հորդորում ենք ուշադիր լինել սննդամթերք գնելիս և, ժամկետանց ապրանք կամ այլ խախտում-անհամապատասխանություն նկատելիս, տեղեկացնել Սննդամթերքի անվտանգություն տեսչական մարմին»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: