ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
ՊԵԿ-ը հարկ վճարողներին հիշեցնում է հարկային հաշվարկների և հաշվետվությունների ներկայացման ժամկետների մասին

ՊԵԿ-ը հարկ վճարողներին հիշեցնում է հարկային հաշվարկների և հաշվետվությունների ներկայացման ժամկետների մասին

Հարկերի և այլ պարտադիր վճարների ժամանակին և ամբողջական վճարումը հանրային ծառայությունների անխափան ապահովման, պետական և համայնքային ծրագրերի իրականացման, ինչպես նաև արդար մրցակցային միջավայրի ձևավորման կարևոր նախապայմաններից է։ Այս համատեքստում Պետական եկամուտների կոմիտեն, կարևորելով հարկ վճարելու մշակույթի ձևավորումն ու հարկային կարգապահության բարձրացումը, հարկ վճարողներին հիշեցնում է հարկման տարբեր ռեժիմներում գործունեություն իրականացնող սուբյեկտների կողմից հարկային մարմին ներկայացվող հաշվարկների և հաշվետվությունների ներկայացման ժամկետների մասին։

 

  • Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ

Միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում գործունեություն իրականացնող տարբեր սուբյեկտների համար սահմանված են հարկային հաշվարկներ և հաշվետվություններ ներկայացնելու տարբեր ժամկետներ։ Այսպես,

  • Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ

Եթե ֆիզիկական անձը ցանկանում է գործել միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում, ապա նախքան գործունեություն սկսելը կամ շարունակելը, հարկային մարմին պետք է ներկայացնի միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն։ Ընդ որում,  հայտարարությունը կարող է ներկայացնել հարկային տարվա ընթացքում ընտրված ցանկացած ամսվա, մի քանի ամիսների կամ ամբողջ հարկային տարվա համար։ 

Միկրոձեռնարկատիրության շրջանակում թույլատրելի գործունեության տեսակներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://arlis.am/hy/acts/226556/latest

  • Անհատ ձեռնարկատեր և ռեզիդենտ առևտրային կազմակերպություն

Միկրոձեռնարկատիրության համակարգում որպես անհատ ձեռնարկատեր կամ կազմակերպություն գործող տնտեսվարող սուբյեկտները ներկայացնում են երկու տեսակի հարկային հաշվարկներ․

  • Տարեկան հաշվետվություն

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերերը և ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները մինչև հարկային տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը ներառյալ, պետք է հարկային մարմին ներկայացնեն հաշվետվություն՝ նախորդ հարկային տարվա ընթացքում իրականացված գործունեության բոլոր տեսակների իրացման շրջանառության վերաբերյալ։

  • Եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկ

Եթե միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերերը կամ կազմակերպությունները, որպես հարկային գործակալ, հաշվարկել և վճարել են աշխատավարձ կամ ֆիզիկական անձանց վճարված այլ եկամուտ, ապա մինչև յուրաքանչյուր հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, հարկային մարմին պետք է ներկայացնեն եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկ։

 

  • Շրջանառության հարկ վճարողներ

Շրջանառության հարկ վճարողների համար հարկային հաշվարկների ներկայացման ժամկետները հետևյալն են.

1Շրջանառության հարկի հաշվարկ

Շրջանառության հարկ վճարող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը մինչև յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին են ներկայացնում շրջանառության հարկի հաշվարկ։

2Եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկ

Եթե շրջանառության հարկ վճարող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը, որպես հարկային գործակալ, հաշվարկել և վճարել են աշխատավարձ կամ ֆիզիկական անձանց վճարված այլ եկամուտ, ապա մինչև յուրաքանչյուր հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին պետք է ներկայացնի եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկ։

3Շահութահարկի հաշվարկ

Շրջանառության հարկ վճարող անհատ ձեռնարկատերերը մինչև հաշվետու տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ հարկային մարմին են ներկայացնում նաև շահութահարկի հաշվարկ։

4Սոցիալական վճարի տարեկան հաշվարկ

1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված շրջանառության հարկ վճարող անհատ ձեռնարկատերերը մինչև հաշվետու տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ հարկային մարմին են ներկայացնում անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի սոցիալական վճարի տարեկան հաշվարկ։

 

  • Ավելացված արժեքի հարկ վճարողներ

Ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) վճարողները հարկային մարմին ներկայացնում են չորս տեսակի հարկային հաշվարկներ, որոնց ներկայացման ժամկետները հետևյալն են․

1ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկ

ԱԱՀ վճարող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները մինչև յուրաքանչյուր հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին են ներկայացնում ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկ։

2Եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկ

Եթե ԱԱՀ վճարող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերը կամ նոտարները, որպես հարկային գործակալ, հաշվարկել և վճարել են աշխատավարձ կամ ֆիզիկական անձանց վճարված այլ եկամուտ, ապա մինչև յուրաքանչյուր հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին պետք է ներկայացնեն եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկ։

3Շահութահարկի հաշվարկ

ԱԱՀ վճարող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները մինչև հաշվետու տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ հարկային մարմին են ներկայացնում շահութահարկի հաշվարկ։

4 Սոցիալական վճարի տարեկան հաշվարկ

1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված ԱԱՀ վճարող անհատ ձեռնարկատերերը և նոտարները մինչև հաշվետու տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ հարկային մարմին են ներկայացնում սոցիալական վճարի տարեկան հաշվարկ։

 

  • Այլ գործարքներ

Միաժամանակ, անկախ հարկման ռեժիմից՝ եթե իրականացվել են նշված գործարքները, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաև հետևյալ հաշվարկները և (կամ) տեղեկությունները․

  • ԵԱՏՄ երկրներից ապրանքների ներմուծման դեպքում՝ մինչև հաջորդ ամսվա 20-ը պետք է ներկայացնել ներմուծման հարկային հայտարարագիր և ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման (կամ անուղղակի հարկերից ազատման, անուղղակի հարկերն այլ կարգով վճարելու) մասին հայտարարություն,
  • ԵԱՏՄ երկրներ ապրանքների արտահանման դեպքում՝ արտահանման օրվանից 180 օրացուցային օրվա ընթացքում պետք է ներկայացնել արտահանման հարկային հայտարարագիր,
  • եթե միկրոձեռնարկատիրության սուբյեկտի կամ շրջանառության հարկ վճարողի կողմից դուրս գրված հարկային հաշվում առանձնացվել է ԱԱՀ, ապա պետք է ներկայացնել նաև ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկ,
  • ակցիզային հարկ վճարող լինելու դեպքում՝ մինչև հաջորդ ամսվա 20-ը պետք է ներկայացնել ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկ,
  • բնապահպանական հարկի կամ բնօգտագործման վճարների առաջացման դեպքում պետք է մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներկայացնել համապատասխան միասնական հարկային հաշվարկ։
  • ՀՀ կառավարության 06.07.2017թ. N 802-Ն որոշմամբ սահմանված N2 և N3 հավելվածների ցանկերում (ցանկերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://arlis.am/hy/acts/177260/latest) ներառված ապրանքների, այդ թվում՝ օգտակար հանածոների և դրանց արտադրատեսակների արտադրողները և ներմուծող-իրացնողները պետք է մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ ներկայացնեն ապրանքների, այդ թվում՝ օգտակար հանածոների և դրանց արտադրատեսակների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների ու գների վերաբերյալ հաշվետվություն։
  • ֆիզիկական անձանց պասիվ եկամուտներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիներին կամ քաղաքացիություն չունեցող անձանց եկամուտներ վճարելու դեպքում հարկային գործակալները պետք է մինչև յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող հարկային տարվա մարտի 1-ը հարկային մարմին ներկայացնեն այդ անձանց եկամուտների, դրանցից հաշվարկված և պահված եկամտային հարկի վերաբերյալ անհատական տեղեկություններ, բացառությամբ` բանկային կամ ապահովագրական գաղտնիք համարվող տեղեկությունների։
  • Ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին եկամուտ վճարված լինելու դեպքում շրջանառության հարկ և (կամ) ԱԱՀ վճարող հարկային գործակալները պետք է մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալհարկային մարմին ներկայացնեն նախորդ հաշվետու եռամսյակում ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին հաշվարկ։

 

Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին հորդորում է հարկային հաշվարկներն ու հաշվետվությունները ներկայացնել օրենքով սահմանված ժամկետներում և ժամանակին կատարել հարկային պարտավորությունները՝ խուսափելով տույժերի, տուգանքների և այլ իրավական հետևանքներից։

Հարկային պարտավորությունների բարեխիղճ և ժամանակին կատարումը նպաստում է հարկ վճարելու մշակույթի ամրապնդմանը, հավասար մրցակցային պայմանների ապահովմանը, ստվերային տնտեսության կրճատմանը և սոցիալական ծրագրերի արդյունավետ իրագործմանը։

  • Կիսվել: