Գործնական քայլեր ձեռնարկել Ժնևյան կոնվենցիան խախտող Ադրբեջանի դեմ. հայտարարություն
Լրագրողական մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ պահանջելով պատժամիջոցներ կիրառել պատերազմ սանձազերծած, Ժնևյան կոնվենցիան և հումանիտար տարրական նորմերը կոպտորեն խախտող Ադրբեջանի դեմ։
«Երեկ՝ հոկտեմբերի 8-ին, Արցախում կրկին լրագրողներ են վիրավորվել՝ ռուսաստանյան «Сегодня.ру» կայքի գլխավոր խմբագիր Յուրի Կոտենոկը և «Офицеры России» կայքի ու «Красная звезда» թերթի թղթակից Լևոն Արզանովը։ Ինչպես և նախորդ օրերին, երբ դարձյալ վիրավորվել էին պատերազմը լուսաբանող լրագրողներ, այս անգամ ևս դեպքը տեղի է ունեցել խաղաղ բնակավայրում՝ Շուշի քաղաքում։ Լրագրողները նկարահանում էին Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու վրա Ադրբեջանի կողմից առաջին հրթիռակոծման հետևանքները, երբ վրա է հասել երկրորդ նպատակաուղղված հարվածը, որից էլ Լևոն Արզանովը և Յուրի Կոտենոկը ծանր վիրավորում են ստացել։ Նրանց տեղափոխել են հիվանդանոց։ Բժիշկներին հաջողվել է փրկել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող Յուրի Կոտենոկի կյանքը, իսկ Լևոն Արզանովի վիճակը վիրահատությունից հետո գնահատվում է բավարար։
Ավելորդ չէ նշել, որ Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին գտնվում է այլ շինություններից մեծ հեռավորության վրա և հրթիռակոծվել է գերճշգրիտ զինատեսակից։ Ընդ որում՝ լրագրողները վիրավորվել են ուղիղ հեռարձակում իրականացնելու պահին: Այս փաստերը հերքում են ադրբեջանական կողմի պնդումները, որ խաղաղ քաղաքացիական օբյեկտները և լրագրողները հատուկ չեն թիրախավորվում:
Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս․
· վերահաստատում ենք միջազգային հանրությանն ուղղված մեր կոչը՝ խստագույնս դատապարտել Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում խաղաղ բնակչության, ինչպես նաև մասնագիտական պարտականությունները կատարող ԶԼՄ-ների ներկայացուցիչների դեմ ուղղված ոտնձգությունները,
· պահանջում ենք գործնական քայլեր ձեռնարկել Ժնևյան կոնվենցիան և հումանիտար տարրական նորմերը կոպտորեն խախտող Ադրբեջանի դեմ՝ պատժամիջոցներ կիրառելով այդ երկրի իշխանությունների մարդատյաց գործողությունների համար։



