Գնել Սանոսյանը Ծովագյուղի և Սեմյոնովկայի բնակիչներին խնդրեց ճանապարհը բացել և գնալ իրենց աշխատանքին
Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Ծովագյուղի և Սեմյոնովկայի բնակիչներին խնդրեց ճանապարհը բացել և գնալ իրենց աշխատանքին:
Նշենք, որ Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքների բնակիչների բողոքի ակցիա էին կազմակերպել համայնքների խոշորացման դեմ՝ փակելով Սևան-Երևան մայրուղին։
Սանոսյանը նշեց, որ իրենք բողոքող բնակիչներին առաջարկել են ստեղծել աշխատանքային խումբ՝ հարցը քննարկելու համար։
Նա անդրադարձավ նաև ծովագյուղցիների դժգոհություններին՝ ուղղված իրեն. ՛՛Ասում են, որ երբ ես մարզպետ էի, իրենք պետք է միայն Սեմյոնովկային միանային, բայց հետո դարձա նախարար, իրենք միացան Սևանին։ Բայց դա իմ անձով պայմանավորված չէ և պաշտոնով էլ պայմանավորված չէ։ Տեղի է ունեցել խոշորացման գործընթաց, միացման տարբեր փնջեր են քննարկվել, արդյունքում հանգել ենք այն մտքին, որ գնում ենք ավելի խոշոր միավորների, գրեթե սովետական շրջանները ստեղծելու տարբերակին։ Դրա համար է փոխվել իրենց տարբերակը, և իրենք միավորվել են Սևան համայնքի հետ, բայց այդպես եղել է ամբողջ հանրապետությունում, այսինքն՝ որևէ առանձնահատուկ դրսևորում չկա․ ինչ ուղղությամբ վարվել ենք այլ տեղերում, այնպես էլ վարվել ենք Ծովագյուղում՛՛:
Սանոսյանը հավելեց. ՛՛Կա վարչատարածքային բաժանման այն տարբերակը, որը հիմա կա, և կառավարությունը կարծում է, որ այդ տարբերակը փոխելու կարիք ու անհրաժեշտություն չկա՝ ելնելով նաև նրանից, որ ինչպես այս ամիսների փորձն է ցույց տալիս, այդ խոշոր միավորներն, իսկապես, իրենց արդարացնում են, նաև այդ խոշոր միավորներից եկող սուբվենցիոն հայտերն են դա ցույց տալիս՛՛: