հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Գնացեք հողերը պաշտպանեք, ոչ թե 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա». քաղաքացին՝ քաղաքապետարանի պաշտոնյային

«Գնացեք հողերը պաշտպանեք, ոչ թե 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա». քաղաքացին՝ քաղաքապետարանի պաշտոնյային

Երեւանի քաղաքապետարանի եւ ոստիկանության աշխատակիցները առավոտից շրջում են Երեւանի կենտրոնական փողոցներով եւ առգրավում փողոցում առեւտուր անողների ապրանքը, նաեւ տուգանում են այդ մարդկանց:

Մի տարեց կին փորձում էր վաճառվող կանաչին տոպրակով վերցնել տանել, սակայն նրան թույլ չտվեցին եւ առգրավեցին ապրանքը:

Փողոցային առեւտրով զբաղվողներին սկսեցին պաշտպանել անցորդներն ու շրջակա շենքերի բնակիչները:

«Էդ խեղճ մարդիկ ի՞նչ են անում, երկու կոպեկ փող են աշխատում: Մեղք են, երեխա են պահում, ի՞նչ անեն:

Մենք այստեղից ենք օգտվում: խանութը հոր գներն է դնում, իսկ այստեղ կարողանում ենք սակարկել: Օրինակ, «Սիթիում» մառոլը 150-160 դրամ է, այս մարդիկ 100 դրամով են տալիս, ինձ ձեռ է տալիս: Ինչու պետք է «Սիթին» օգտվի: Սա էլ իրենց աշխատանքն է»,-ասաց մի կին:

Մեկ ուրիշն էլ շարունակեց. «Գնացեք հողերը պաշտպանեք, ոչ թե 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա: Գնացեք Ոսկեպարը պահեք, Ղարաբաղը պահեք»:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի Հասարակական կարգի պահպանության ծառայություն պետ Արամ Գյուրզադյանն ասաց. «Ինչո՞ւ չեն գնում շուկաներ: Իրենց 26 հատ շուկա է հատկացվել, ինչու չեն գնում: Երեւանում փողոցային առեւտուրն արգելված է: Ձեզ համար հաճելի՞ է, որ փողոցից առեւտուր եք անում: Եթե մեր քաղաքացիները իրավագիտակցություն դրսեւորեն, ոտքի տակից առեւտուրը չանեն, էս մարդիկ կգնան շուկաներ: Օրենքն արգելում է, ինչի՞ չեք հարգում օրենքը»:

Կինն արձագանքեց. «Բոլոր շուկաներն էլ գիտենք, մանավանդ Լֆիկի շուկան, ինչի՞ էնտեղ ստուգում չեք անում»:

Լրագրողների դիտարկմանը, որ այդ մարդիկ ասում են՝ այլ աշխատանք։ չունեն, Գյուլզադյանն ասց. «Մենք իրենց բոլորին աշխատանքներ ենք առաջարկել, հիմա էլ ենք առաջարկում: Երեւանում ունենք սանմաքրման հիմնարկ, որտեղ աշխատավարձը բարձր է, ունենք կանաչապատման ՀՈԱԿ, որտեղ աշխատավարձը բարձր է, էս նույն ժողովրդին բազմաթիվ անգամ հորդորել ենք, առաջարկել ենք, ասել ենք՝ մի կանգնեք էստեղ, ձեզ առաջարկ ենք անում: Աշխատավարձը 200 հազարից բարձր է»:

  • Կիսվել: