չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Գլխավոր դատախազը հանդիպեց զոհված զինվորների ծնողների հետ

Գլխավոր դատախազը հանդիպեց զոհված զինվորների ծնողների հետ

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները ակցիա են իրականացնում ՀՀ գլխավոր դատախազության առաջ. նրանց դիմավորել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Ես հասկացել եմ ձեր ցավը, ձեր վիշտը, դրա համար եմ իջել, խոնարհվում եմ ձեր առաջ»,- ծնողներին դիմեց Արթուր Դավթյանը։

Նա նշեց, թե երբ խոսքը վերաբերում է քրեական գործին, ապա գործ ունենք բացարձակ օրենքով նախատեսված իրավիճակների հետ.

«Գնում եմ բոլոր ծնողներին, նվազագույն խոսքը, որ կարող եմ ասել՝ խոնարհվում եմ բոլոր հերոս տղեքի շիրիմների առջև։ Հազարավոր հերոս տղեք ենք կորցրել այս պատերազմում, տասնյակ հազարավորներն էլ հայրենասիրության ոչ պակաս մոտիվներով կանգնած են եղել առաջնագծում, և ունեցել են պատերազմի այսպիսի ելք։ Ես հասկացել եմ ձեր ցավը, ձեր վիշտը, հասկանում եմ ամեն օր և դրա համար իջել եմ այստեղ, որովհետև արտառոց իրավիճակի հետ գործ ունենք, բայց, շատ հարգարժան ծնողներ, ուզում եմ մի բան իրար հետ հասկանանք, դուք երբևէ տեսել եք կամ պատկերացնու՞մ եք՝ այսպիսի միջավայրում քրեական գործ քննվի։ Սա քաղաքական մարմին չէ։

Երբ խոսքը վերաբերում է քրեական գործին, մենք գործ ունենք բացարձակ օրենքով նախատեսված իրավիճակների հետ։ Եթե խոսքը վերաբերում է օրեր առաջ ծնողների կողմից ներկայացված հաղորդմանը, եթե նկատեցիք՝ մենք այդտեղ էլ սովորական իրավիճակով չառաջնորդվեցինք, այսինքն ուղղակի գրավոր չիրազեկեցինք, հաջորդ օրը հրավիրեցինք մի քանի ծնողներին և պարզաբանեցինք, թե ինչ ենք արել։

Ես այստեղ, Ձեր ներկայությամբ վստահեցնում եմ ձեզ, դատախազական ներգործության ոչ մի միջոց չի ուշացել և այս պահին էլ դատախազական բոլոր հնարավոր գործիքակազմը կիրառվում է այդ քրեական գործով օբյեկտիվ քննություն իրականացնելու, վերջնական իրավական գնահատականներ տալու։

Տեսեք, խնդիրն առաջացավ այն պահից, երբ հանրապետության վարչապետն Ազգային ժողովում ձևակերպում արեց, ասաց՝ կարող էինք պատերազմը կանգնեցնել, այսինքն զոհեր չունենայինք՝ ունենայինք նույն ելքը և այդտեղից շատերի մոտ հարցադրում առաջացավ, որ մենակ այսքան ձևակերպումը բավական է, որ մեղադրանքի նկարագրություն ներկայացվի։ Իսկ ես հիմա հակառակն ասեմ՝ եթե առանց պաշտպանություն կազմակերպելու մեր հայրենիքից տարածքներ զիջվեր, նույն տրամաբանությամն մեղադրանքի որոշում չէր գրվելու՞։

Ինչի՞ եմ ես այս համեմատությունը բերում, որովհետև շատ կարևոր են այստեղ հանգամանքները, թե ինչպիսի իրավիճակ է եղել, օպերատիվ ինչպիսի իրադրություն է եղել, ինչ տվյալներ ենք ունեցել, պաշտպանությունը կազմակերպելը՝ այդ պահին եղած հիմքերով»:

Դատախազն առաջարկեց, որ ծնողներից 10 հոգու հետ հանդիպեն, հանգիստ իրավիճակում խոսեն, նման պայմաններում անհնար է ստանալ հարցերի պատասխանները, ծնողները, սակայն, համաձայն չէին. պահանջեցին կալանավորել Նիկոլ Փաշինյանին։

 

  • Կիսվել: