շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Գիրքը Արցախին սպեղանի» խորագրով գրքահավաք

«Գիրքը Արցախին սպեղանի» խորագրով գրքահավաք

44-օրյա պատերազմի արդյունքում այլ ենթակառուցվածքային կորուստների հետ մեծ վնասներ է կրել նաև Արցախի Հանրապետության գրադարանային համակարգը. 127 կենտրոնական և դպրոցական գործող գրադարան՝ շուրջ 650 հազար գրքային ֆոնդով, դուրս են մնացել Արցախի վերահսկողությունից՝ դադարելով ծառայել իրենց նպատակին:
 
Հայկական գրադարանային ասոցիացիան և Հայաստանի հրատարակիչների ազգային ասոցիացիան Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների աջակցությամբ, գիտակցելով, որ այսօր հատկապես ազգային ինքնության պահպանման և երիտասարդ սերնդի ինքնագիտակցության բարձրացման գործում աներկբա է գրադարանների կայուն և
արդյունավետ գործունեությունը, և ի զորակցություն Արցախի բնակչության՝ նախաձեռնել են «Գիրքը Արցախին սպեղանի» խորագրով գրքահավաք, որը քայլ է մեղմելու գրքային հավաքածուի կորուստը և կարևոր է հետպատերազմյան Արցախի կրթամշակութային կյանքի ակտիվացման ու համաչափ զարգացման առումով:
 
«Արցախցի մեր հայրենակիցների գրքասպասարկման գործընթացին օժանդակելու նպատակով Դուք ևս կարող եք ունենալ Ձեր ներդրումը, որը հնարավորություն կստեղծի վերականգնելու կորսված գրադարանային հավաքածուն:

Ուստի ակնկալում ենք Ձեր մասնակցությունը գրքահավաքին: Կանխավ հայտնում ենք մեր երախտագիտությունը:

Խնդրում ենք գրքերը հանձնել ստորև նշված հասցեով՝ փաթեթի վրա նշելով անհատ նվիրատուի կամ կազմակերպության տվյալները. հասցե՝ 0001, Երևան, Տերյան փող., 42/1 շենք, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան, Հեռախոս՝ 010 521222:

Ծանուցում. գրքահավաքին կարող եք մասնակցել՝ նվիրաբերելով գրքեր  ըստ ստորև ներկայացված  թեմատիկ ուղղությունների.

  • գրականագիտական
  • լեզվաբանական
  • Հայ ժողովրդի պատմություն
  • Արցախի պատմությանը նվիրված
  • ուսումնա-մեթոդական
  • գեղարվեստական
  • տնտեսագիտական
  • իրավագիտական
  • տեխնոլոգիական
  • մանկական»,- տեղեկացնում են Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի լրատվական բաժնից:

  • Կիսվել: