հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Գանգուղեղային ծանր վիրավորում ստացած տղաների համար բացվեց ՀՀ–ում առաջին խնամքի կենտրոնը

Գանգուղեղային ծանր վիրավորում ստացած տղաների համար բացվեց ՀՀ–ում առաջին խնամքի կենտրոնը

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում այսօր` հունվարի 29-ին, բացվեց նոր բաժանմունք, որը նախատեսված է գանգուղեղային ծանր վիրավորում ստացած զինվորների համար։
Վերականգնողական կենտրոնում սկզբում իրականացվեց օրհնության արարողություն, այնուհետև կտրվեց կարմիր ժապավենն ու հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալու պայմաններին։

 

«Այսօր լրանում է 4 տարին, ինչ գործում է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը։ Այս ընթացքում մեզ հաջողվել է շուրջ 6 հազար մեր տղաներին սպասարկել, նրանց հույս ու հավատ ներշնչել։ Այսօր էլ բացում ենք նման բաժանմունք` բարերարների օգնությամբ»,– նշեց Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։

Նրա խոսքով` բաժանմունքը տարբերվում է այլ հարթակներից իր ուղղվածությամբ` այստեղ բուժում կստանան այն տղաները, որոնք գանգուղեղային կամ ողնաշարային ծանր վնասվածք ստանալուց հետո ունեն այնպիսի կարգավիճակ, որը թույլ չի տալիս նրանց երկարատև բուժումն այլ հաստատություններում, առավել ևս տան պայմաններում։

Մուրադյանն ընդգծեց, որ իրենց բաժանմունքում տղաները կստանան այնպիսի բուժում, որը թույլ կտա վերջիններիս հանել այդ վիճակից` խոսքը կոմատոզ վիճակի (կյանքին վտանգ սպառնացող վիճակ, որը բնորոշվում է գիտակցության կորստով, ռեֆլեքսների մարմամբ մինչև լրիվ անհետանալը,– խմբ.) մասին է։
Ինտենսիվ թերապիայի բաժանմունքի համար տարածքը տրամադրել է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտը: Բաժանմունքի բացման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը հոգացել է ԱՄՆ–ում գործող Family Rescue Fund-FRF բարեգործական հիմնադրամը:
FRF հիմնադրամի նախագահ Նազ Բաշքիջյան–Աթիկյանն ասաց, որ իրենք շատ ծրագրեր են իրականացրել Զինվորի տան հետ և այս մեկն էլ բացառություն չեղավ։
Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանն էլ ընդգծեց, որ նման վնասվածքներ ստացած տղաներին պատշաճ բուժօգնություն տրամադրելու հարցը բաց էր մնացել։ Բուժման ծախսերի վերաբերյալ դեռևս անցած տարի կենտրոնը դիմել է ՀՀ առողջապահության նախարարությանը, խնդրել, որպեսզի սահմանվի հատուկ գին, քանի որ նմանատիպ բուժումը թանկ է, սակայն առայժմ բուժումն իրականացվում է բարերարների միջոցներով։
 
Բաժանմունքում հնարավորություն կա մինչև 20 զինվորի բուժօգնություն տրամադրելու։ Զինվորի տան տնօրենը շեշտեց, որ ապագայի համար կան նաև ավելի մեծ ծրագրեր, որոնց կողքին կրկին կանգնած է FRF հիմնադրամը։
 

  • Կիսվել: