շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ի տնօրենի պաշտոնում ընտրվել է Ավետիս Ծատուրյանը

ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ի տնօրենի պաշտոնում ընտրվել է Ավետիս Ծատուրյանը

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում այսօր ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվել է Ավետիս Ծատուրյանը, որը մինչ այժմ կենտրոնի տնօրենի պաշտոնակատարն էր:

Ավետիս Ծատուրյանը ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ի գիտական խորհրդի և Կենսատեխնոլոգիական հայկական ասոցիացիայի անդամ է, դասավանդում է Երևանի պետական համալսարանի ֆարմացիայի ինստիտուտի ֆարմքիմիայի և ֆարմակագնոզիայի ամբիոնում, քիմիական գիտությունների թեկնածու է, 25 գիտական հոդվածի հեղինակ:

Զբաղվում է ժամանակակից վերլուծական հետազոտություններով, իրականացրել է տարբեր բնույթի կենսաբանորեն ակտիվ միացությունների կառուցվածքային հետազոտություններ, որակական քանակական անալիզներ՝ ժամանակակից անալիտիկ սարքավորումներով:

Ավետիս Ծատուրյանը ներկայացրել է ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ի գիտակազմակերպական գործունեության ծրագիրը, որի իրականացման շրջանակներում նախատեսվում են հիմնարար հետազոտություններ մանրէաբանության, մոլեկուլային կենսաբանության, գենոմիկայի/մետագենոմիկայի, կենսաճարտարագիտության, կենսասինթեզի և կենսակատալիզի բնագավառներում, կիրառական հետազոտություններ և տեխնոլոգիաների մշակում արդյունաբերական կենսատեխնոլոգիայի, կանաչ քիմիայի, կենսաերկրատեխնոլոգիայի, կենսավերականգնման, դեղապատրաստուկների արտադրության, ագրոկենսատեխնոլոգիայի և ֆունկցիոնալ սննդի բնագավառներում:  

  • Կիսվել: